Փարիզը երազանքների ու սիրո քաղաք է համարվում։ Դրա կատարյալ մաքուր փողոցներում զգացվում է թարմ կրուասանների բույրը, և հնարավորություն ունեցող յուրաքանչյուր ոք ձգտում է կյանքում առնվազն մեկ անգամ լինել այնտեղ։ Ամեն դեպքում, այսպիսի ուտոպիստական պատկեր Ֆրանսիայի մայրաքաղաքի մասին տվել է մեզ զանգվածային մշակույթը։

Սակայն ամենից հաճախ Փարիզ այցելող զբոսաշրջիկը դեմ հանդիման է կանգնում լիովին այլ իրականության հետ։ Խոշոր քաղաքում բոլորը շտապում են աշխատավայր, փողոցներում փոշի է տիրում, իսկ տեսարժան վայրերի շուրջ հավաքված են հազարավոր զբոսաշրջիկներ, որոնք ցանկանում են հուշանվերներ գնել։ Շատերը, ում սպասելիքները չեն արդարանում, պարզապես դեպրեսիայի մեջ են հայտնվում։

Հիասթափված զբոսաշրջիկներն այնքան են զարմանում, որ երբեմն, անկեղծորեն, նրանց անհրաժեշտ է լինում հոգեբանի խորհրդակցություն։ Հետաքրքիր է այն, որ նման խնդիրներ հաճախ ունենում են ասիական երկրների բնակիչները, որոնք առաջին անգամ են հայտնվում մշակութային այլ իրականության մեջ և հասկանում են, որ իրենց երևակայության մեջ քաղաքն ամբողջապես այլ էր։

Հոգեբանները, որոնք հաճախ են հանդիպում նման խանգարումներ ունեցող հիվանդների, դրա համար անգամ տերմին են հնարել՝ «փարիզյան սինդրոմ»։ Առաջին անգամ այն 1986թ. գործածել է ճապոնացի հոգեբան Հիրոակի Օտոյը՝ հետազոտելով իր տխուր հայրենակցին, որն այցելել էր Փարիզ։

Ամեն տարի տասնյակ զբոսաշրջիկներ ձեռք են բերում փարիզյան սինդրոմ և միայն պրոֆեսիոնալ թերապիայից հետո են նախկին վիճակին վերադառնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել