«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկի՝ «Ryanair»-ի հայկական օդային տարածք մուտք գործելու լուրը երեկվանից հանրության շրջանում լայն հետաքրքրություն է առաջացրել: էժան գնով միանգամից 4 ուղղություններով ճամփորդելու (Հռոմ, Միլան, Բեռլին, Գյումրիից՝ Մյունխեն) հնարավորությունն առաջին հայացքից անհավատալի թվաց, ապա ոգևորեց ու տարվա մեծ ձեռքբերումների շարքում «գրանցվեց»: Սակայն, ընդամենը ժամեր անց սկսվեց քննադատությունների տեղատարափ:
Քննադատությունների թոփ եռյակի առաջին տեղում է «Ryanair»-ին «օդի տուրք»-ից (10 հազար դրամ) ազատելու որոշումը: Հոկտեմբերի 16-ին անդրադառնալով «Ryanair»-ի հետ համագործակցությանը ՀՀ վարչապետը նշել էր՝ բոլոր այն ուղղությունների համար, որոնցով վերջին մեկ տարվա ընթացքում Երևանից կամ Գյումրիից թռիչքներ չեն իրականացվել, կառավարությունը պարտավորվել է վերացնել «օդի տուրքը»: Քաղավիացիայի կոմիտեն նոր 4 ուղղությունների համար «օդի տուրքը» հանելու օրինագիծը ներկայացնելու է Խոհրդարան: Արդյունքում իռլանդական խոշորագույն ավիաընկերությունն առաջին է, որ կարող է ազատվել այս տուրքից:
Շատերի համոզմամբ՝ ՀՀ Ազգային ժողովը պետք է մերժի միայն մեկ ավիաընկերությանն արտոնություններ տալու նախագիծը: Ըստ մտահոգների՝ ավիատոմսերի թանկ լինելը համալիր խնդիր է և պետք է համակարգային լուծումներ տրվեն, վերացվեն տեղական ավիաընկերությունների ստեղծման խոչընդոտները: Հոկտեմբերի 17-ին ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ անդրադառնալով Եվրոպայի ամենամեծ ավիացիոն ընկերություններից մեկի հետ համագործակցությանը նշեց. որդեգրել են սկզբունք, որ այն ուղղությունը, որ վերջին 12 ամսվա ընթացքում չի սպասարկվել, այդ ուղղություններով «օդի տուրք»-ը կհանվի, և սա վերաբերում է բոլոր ավիաընկերություններին՝ առանց բացառության: Ըստ վարչապետի՝ փոփոխությունը իր հետևից բերելու է լուրջ տեղաշարժեր ավիացիոն շուկայում: Որևէ կասկած չկա, որ այդ փոփոխությունները լինելու են հօգուտ քաղաքացների, հօգուտ տուրիզմի: