Այսօր նորից ընկերներիցս մեկը սկսեց ինձ խորհուրդներ տալ: Ու հիմա կեսգիշերին ստիպված գրում եմ այստեղ, որպեսզի ամեն անգամ չկրկնվի նույն պատմությունը ու նույն ձեւով չխզեմ կապերս երկրից հեռացած ընկերներիցս մեկի հետ:
Ես հայրենիքը, գիտեք, որտեղ եմ զգում, միայն առաջնագծում, որտեղ հայ զինվորն է կանգնած: Այս կուսակցությունները, այս պաշտոնյաները ուրիշ տեղ ինձ համար հայրենիք չեն թողել: Ես անընդհատ ուզում եմ այնտեղ լինել, սահմանին, առաջնագծում` հայրենիքում: Ամեն ինչ մսխել են, տարիների ընթացքում ինձնից խլել են իմ հայրենիքի մնացած բոլոր հատվածները ու թողել են միայն այս ձգվող սահմանագիծը` զինվորներով: Ես ոչ մի տեղ այնքան ապահով չեմ զգում, ինչքան այս` երբեմն հակառակորդից երեսուն մետր հեռավորության վրա գտնվող դիրքերում: Ու այնտեղ զինվորներն են կանգնած, ու գիտեք ինչի համար` երկրից հեռացողների հանգիստ փախուստը ապահովելու: Հեռացողները, գիտեք` երբեմն ուր են գնում` Ռուսաստանի ինչ-որ գյուղերում խոզ պահելու, Համբուրգի կենտրոնում գտնվող զուգարանում փող հավաքելու, Փարիզի Պեր Լաշեզի գերեզմանատանը մուրացկանություն անելու, Գլենդելում քարտեզ կեղծելու… Չեմ կարողանում հասկանալ այդ մարդկանց, ինչպիսի բացատրություն էլ տաք, միեւնույն է, չեմ կարողանում ընկալել նրանց մեկնումը: Այստեղ պայքարելու, իրենց կյանքը փոխելու հաճույքից ինչպե՞ս կարող ես այդքան հեշտ հրաժարվել: Իսկ ես ընդամենը ուզում եմ հայրենիքս զգալ նաեւ այստեղ` Երեւանում, Գյումրիում, Չարենցավանում, Հայկաձորում, Մարգարայում, ամենուր, չեմ ուզում, որ միայն հակառակորդի դեմ դիմաց կանգնած զգամ: Իսկ դա իրականություն չի կարող դառնալ առանց ձեզ: Ես ձեր յուրաքանչյուրի կարիքը այստեղ ունեմ: Մենք դատարպարտված ենք հաղթանակած ապրելուն: Անհնար է պարտությամբ գոյատեւել 21-րդ դարում: Խնդրում եմ` դրսից ինձ խորհուրդներ մի տվեք, վերադարձեք, եկեք փոխենք երկիրը, եկեք Հայրենիք դարձնենք այն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edik.baghdasaryan/posts/691166790899323
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել