Lragir.am-ը գրել է.
Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն այսօր Վերահսկիչ պալատի բացահայտումների վերաբերյալ հրավիրած ասուլիսում ասաց, որ իրենց առարկություններն արդեն ուղարկվել են ՎՊ:
Նա հիշեցրեց, որ ՎՊ-ն իր բացահայտումներում անդրադարձել էր հանրային զուգարանների խնդրին՝ արձանագրելով, որ երկու թանկարժեք զուգարանները չեն աշխատում: «Ես ասեմ, որ զուգարանները այսօր երկուսն էլ աշխատում են»,- հակադարձեց նախարարը:
Նա նշեց, որ անձամբ չի օգտվել այդ թանկարժեք զուգարաններից: Ինչ վերաբերում է վարչապետի այն հայտարարությանը, թե այդ զուգարանները պետք է ծածկեին իրենց ծախսը, ապա էկոնոմիկայի նախարարը չի կիսում այս տեսակետը: «Օգուտ ստանալու տեսնակյունից պարտադիր չէ, որ Հայաստանի Հանրապետությունը դրանից եկամուտ ստանա: Հանրային զուգարանները չեն տեղադրվում եկամուտ ստանալու նպատակով: Հետագայում էլ նախարարությունը զուգարաններ տեղադրելիս չի ակնկալելու շահույթ»,- ասաց Վահրամ Ավանեսյանը:
Ըստ նրա՝ եթե այդ տեսանկյունից ենք գնահատում զուգարանների արդյունավետությունը, այո, դրանք արդյունավետ չեն: Նա նշեց, որ զուգարանների տեղադրման հիմնական գաղափարն այն էր, որ նման զուգարանների տեղադրումը էականորեն ավելացնում է տուրիզմի ոլորտի աճը: Երևանում ճի՞շտ էր այդ զուգարանը տեղադրելը հարցին նախարարը պատասխանեց, որ ճիշտ չի համարում նման հարցերին պատասխանելը: «Եթե ես լինեմ, 100 մլն դրամով ամեն դեպքում զուգարան չէի գնի: Եթե մարդիկ գտել են՝ ճիշտը դա է էդ պահին, ուրեմն ճիշտ որոշում էր»,- ասաց նա:
Վահրամ Ավանեսյանը նշեց, որ ՎՊ կողմից ՓՄՁ աջակցության ծրագիրն անարդյունավետ է գնահատվել: Հիմանական պատճառն այն է, որ սկսնակ սուբյեկտներին տրված ֆինանսական միջոցներն արդյունավետ չեն եղել, քանի որ սկսակ ձեռնարկատերերի մի մասը փակվել են: Նախարարի խոսքով՝ ընդհանրապես հնարավոր չէ, որ բոլոր սկսնակները գործեն երկարատև, դա ռիսկային ծրագիր է: Այն, որ ձեռնարկություններն առաջին տարում կարող են լուծարվել, ըստ նրա, ոչ մի զարմանալի բան չկա: Միանգամից մեծ շահույթ ստանալ հնարավոր է այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է առևտրային գործարքներին, այն էլ ոչ թափանցիկ գործարքներին: Որտեղ ներդրումներ են կատարվում, միանգամից մեծ շահույթ հնարավոր չէ ակնկալել:
«Մեր կարծիքն այն է, որ այս ծրագիրն արդյունավետ է և պետք է շարունակվի: Վարկերը ունիվերսալ վարկային կազմակերպությունն է տրամադրել, վարկունակությունը հաշվի է առել: Սկսնակների համար բիզնես ծրագրերը բարդացված չեն եղել: Նույն մասնավոր սեկտորում սկսնակ ձեռնարկատերերի 80 տոկոսը առաջին տարվանից, 90 տոկոսը երկրորդ տարվանից չեն շարունակում: Դա համաշխարհային ցուցանիշ է»,- ասաց Վահրամ Ավանեսյանը:
Անդրադառնալով Գյումրիի տեխնոպարկի ծրագրին՝ նախարարը դժկամությամբ ասաց, որ ՎՊ-ն հաշվետվության մեջ մի քանի անգամ կրկնել է «անարդյունավետ» բառը և նշել, որ ծրագիրն անորոշ վիճակի մեջ է: «Ասեմ, որ դա այդպես չէ, ծրագիրն անորոշ վիճակում չէ, հաստատված է ծրագիրը, ունի իր ցուցանիշները»,- հակադարձեց նախարարը:
Նա նշեց, որ ծրագրի սկզբից՝ 2008 թվականից մինչ այսօր 762 մլն դրամ է ներդրվել: Դրանից զատ կա տեխնոքաղաքի ծրագիր, որը մոտ 50 մլն դոլարի ներդրում էր պահանջում, ակայն այդ գումարները չեն տրամադրվել ծրագրին՝ ֆինանսական ճգնաժամի պատճառով:
«Տենխնոլոգիական կենտրոնի վրա են գումարները ծախսվել: Իսկ տեխնոքաղաքը դա առանձին ծրագիր է, ճգնաժամից հետո այդ ֆինանսական հնարավորությունները չկան»,- ասաց նա:
Անդրադառնալով ՎՊ այն դիտարկմանը, որ տեխնոպարկի նորարարական լաբորատորիաները շահույթ չեն ապահովել, նախարարը նշեց, որ այստեղ ևս պետք է կրկնի, որ շատ զարմանալի կլիներ, եթե նորարարական լաբորատորիաներն առաջին երկու տարիներին գործեին շահույթով: Նրա խոսքով՝ շատ ավելի վտանգավոր կլիներ, որ այդ լաբորատորաիաները գործեին շահութաբեր:
Նա նշեց, որ իրենք առարկել են ՎՊ ներկայացրած հաշվետվությանը և առարկություններն ուղարկել նրանց: Ինչ վերաբերում է ՎՊ պրոֆեսիոնալիզմի վերաբերյալ հարցին՝ Վահրամ Ավանեսյանն ասաց, որ իրենց նախարարության պորֆեսիոնալիզմը համապատսխանում է ՎՊ պրոֆեսիոնալիզմին: