Factor.am-ը գրում է․

ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը հետվիրահատական շրջանում իրեն լավ է զգում: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

«Երևի դեռ բավականին ժամանակ կանցնի, մինչև վերջնական կապաքինվի, բայց իրեն լավ է զգում, ամեն ինչ նորմալ է»,- նշեց պաշտպանը:

Հայկ Ալումյանն ասաց, որ տեղյակ չէ, թե Ռոբերտ Քոչարյանին, երբ դուրս կգրեն: Միայն ասաց, որ արդեն հայտնի է նրա հյուսվածքաբանական հետազոտության պատասխանը ու Ռ. Քոչարյանի մոտ չի հայտնաբերվել քաղցկեղային բջիջ:

Հստակեցնող հարցին՝ հիվանդասենյակո՞ւմ է, թե՞ վերակենդանացման բաժանմունքում, Հայկ Ալումյանը պատասխանեց, որ հիվանդասենյակում է, շփվում են, ամեն օր քննարկում են դատավարության հետ կապված հարցեր:

Վաղը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նախատեսված է Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատական նիստը:

Հայկ Ալումյանից հետաքրքրվեցինք՝ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելո՞ւ է նիստին. «Ես դա չեմ կարող ասել, դա բժիշկը կասի, թե որքանով է ցուցված վաղվա նիստին պարոն Քոչարյանի գալը: Ինքը դեռ զգալի դիսկոմֆորտ ունի՝ կապված առողջության հետ, բայց ինքն ուզում է, որ դատավարությունը, թեկուզ իր բացակայությամբ, շարունակվի»:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է հոկտեմբերի 9-ին՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Մինչ այդ նա մի քանի անգամ հետազոտություն էր անցել:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008 մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել