Այն հարցը, թե արդյո՞ք պարելը կարող է մարդկանց կյանքից զրկել, մեզ մոտ կարող է ծիծաղ առաջացնել: Բայց պարզվում է, որ 14-17-րդ դարերում Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում տարածված է եղել մի տարօրինակ համաճարակ՝ «պարային ժանտախտը»: Մարդկանց խմբերն ինքնաբուխ սկսում էին պարել և չէին դադարում այնքան, մինչև որ չէին հյուծվում ու մահանում:

1300-ական թվականներին՝ «Սև մահ» համաճարակից անմիջապես հետո, Գերմանիայում արձանագրվել են այդպիսի տարօրինակ հիվանդության դեպքեր: Տղամարդիկ և կանայք հանկարծակի սկսում էին պարել անդադար, իսկ նրանց կանգնեցնելն անհնար էր լինում: Երբ նրանց սկսում էին կերակրել, նրանք դադարեցնում էին իրենց պարը, բայց շատ կարճ ժամանակով, իսկ այդ հիվանդությամբ տառապողներն էլ նշում էին, որ այդ ժամանակ նրանք ոչ տեսնում, ոչ լսում էին:

1518 թ. նմանատիպ դեպք արձանագրվեց նաև Ստրասբուրգում: Տրոֆեյա անունով մի կին հանկարծակի դուրս եկավ փողոց և սկսեց անդադար պարել: Նա այդպես պարեց 6 օր, մինչև որ վայր ընկավ և մահացավ: Այս դեպքի ամենատարօրինակ մասն այն է, որ կնոջն այդ օրերի ընթացքում միացան նաև այլ «պարողներ», մինչև որ նրանց թիվը ամսվա վերջ հասավ 400-ի: Այդ մարդիկ ո՛չ ուտում, ո՛չ խմում էին, մինչև որ չէին մահանում սրտի կամ գլխուղեղի կաթվածից:

Այդ երևույթը մարդիկ ընկալում էին որպես անեծք, իսկ անհանգստացած իշխանությունը չէր կարողանում այդ ամենին վերջ տալ: Բայց ինչպես հանկարծակի սկսվել էր պարային ժանտախտը, այդպես էլ մեկ ամիս հետո էլ ավարտվեց՝ իր հետ տանելով 400 մարդու կյանք:

Ժամանակակից հետազոտողները մի շարք բացատրություններ են առաջ քաշել այս համաճարակի վերաբերյալ: Ոմանց կարծիքով՝ այն թունավորման արդյունք էր, իսկ մեկ այլ փորձագետների կարծիքով այս խանգարման պատճառը խորը սթրեսն էր: Հաշվի առնելով այն, որ այդ շրջանում տարածված էին սովը, ցուրտը և տարբեր տեսակի համաճարակներ, առանձին անհատներ կարող էին ձեռք բերել այսպիսի պարային հոգեբանական խանգարում՝ իրենց հետ «վարակելով» այլ մարդկանց: Բայց ոչ մի տեսություն մինչ այսօր ամբողջովին չի կարողացել բացատրել այս տարօրինակ երևույթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել