Lragir.am-ը գրում է.
Հայաստանի ներկայիս կառավարման ոճը շատ է հիշեցնում բրեժնեւյան-կոլխոզային ժամանակաշրջանը. վերեւից հրահանգ է իջեցվում, կոլխոզում ժողով են անում: Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկումից հետո իշխանությունը հաշվետվության «հասցեատերերին»՝ պետական գերատեսչությունների ղեկավարներին հրահանգել են մամուլի ասուլիսներով պարզաբանումներ տալ: Եւ արդեն երկու օր է՝ նրանք ասուլիսներ են տալիս եւ հերքում ՎՊ եզրակացությունները:
Վերահսկիչ պալատն իր հերթին հերքում է նրանց հերքումները, բերելով սեփական փաստարկները: Թերեւս, տեսնելով Պալատի ջանասիրությունը, կառավարությունը որոշել է խճճել նրան՝ այսօր ասուլիս են տալու միանգամից մի քանի գերատեսչությունների ղեկավարներ:
Ըստ ամենայնի, իշխանությանը հունից հանել է երկու հանգամանք՝ Իշխան Զաքարյանի հայտարարությունը 700 միլիարդ դրամի ռիսկերի մասին եւ դատախազության վերաբերյալ գանգատը: ՎՊ նախագահն ասել էր, թե դատախազությունը քնեցնում է իր ուղարկած փաստաթղթերը եւ ընթացք չի տալիս: Սերժ Սարգսյանն անմիջապես խորհրդակցություն էր հրավիրել եւ հայտարարել ատկատի «թույլատրելի սահմանը»՝ 200-300 միլիոն դրամ, եւ Իշխան Զաքարյանին հայտնել, որ նրա կարծիքը դատախազության մասին որեւէ մեկին չի հետաքրքրում:
Մնացյալը, այսինքն բուն հաշվետվությունը, փաստացի, իրենից առանձնապես «նորություն» չի ներկայացնում: Այնտեղ բացակայում են կոնկրետությունը, թվերը, անունները: Ըստ այդմ, այն հազիվ թե որեւէ էմոցիա առաջացներ ամեն ինչին սովոր իշխանության մոտ:
Հետաքրքիր է, ի՞նչն էր Իշխան Զաքարյանին հանել «հունից», որ նա անցել էր «սահմանը» եւ դիպել իշխանական համակարգի սրբության սրբոցին՝ ատկատին ու ստվերին: Համենայնդեպս, ներկայում իրավիճակը տեղափոխվել է կառավարություն-Վերահսկիչ պալատ ասուլիսների ու հերքումների դաշտ: Եթե այդ ամենը լուրջ է, ուրեմն կամ Կառավարությունն Իշխան Զաքարյանին կտանի զագս, կամ Իշխան Զաքարյանը կառավարությանը՝ դատախազություն, ինչպես հայտնի ֆիլմում:
Սակայն, ինչպես եղել է մինչ այժմ, ոչ ոք ոչ մեկին ոչ մի տեղ էլ չի տանի: Պարզապես, այս անգամ աղմուկն էր շատ, եւ հարկ է մի շարք «պրոցեդուրաներ» անցնել: Կոլխոզի ժողովները հենց այն դեպքի համար են, որպեսզի ապահովվի լայն «մասնակցայնություն», ցանկացած հարց վերածվի ջրի, որի մեջ շարունակեն լողալ մեծ եւ փոքր ձկները: