1in.am-ը գրում է.

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հուլիսի 2-ին դեսպանատանը հյուրընկալելով Սերժ Սարգսյանին՝ ԱՄՆ անկախության տարեդարձի առիթով, նրա հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ թիվ մեկ գերակայությունը Հայաստանի հետ աշխատանքում դա տնտեսական հարաբերությունների խորացումն է: «Եկեք շարունակենք այդ ուղղությամբ իրար հետ աշխատել», հայտարարել է դեսպան Հեֆերնը: Կարծես թե կար ժամանակ, երբ ԱՄՆ համար Հայաստանի հետ համագործակցության թիվ մեկ գերակայություն համարվում էին մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, քաղաքացիական ազատությունները: Բայց փաստորեն Ամերիկան փոխել է գերակայությունների հաջորդականությունը:

Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցում Հայաստանը սկսել է գոհացնել ԱՄՆ-ին, և այս իսկ պատճառով դրանք դադարել են լինել թիվ մեկ գերակայություն: Ֆորմալ տեսանկյունից միգուցե այդպես էլ կա` նկատի առնելով ԱՄՆ իշխանությունների արձագանքները հայաստանյան ընտրություններին: Սակայն սա միայն ֆորմալ առումով, որովհետև իրականում պարզ է, որ Հայաստանում մարդու իրավունքների, ազատությունների և ժողովրդավարության հարցում եթե առաջընթաց կա, ապա այն զուտ կոսմետիկ բնույթ ունի և չի պարունակում հիմնարար կոմպոնենտներ: Ավելի ճիշտ, այս տեսանկյունից որևէ առաջընթաց զուտ իրավիճակային է` մի պահի կարող է իշխանություններին պետք լինել առաջընթացը, և այն լինի, իսկ նույն պահին մեկ այլ տեղում առաջընթաց պետք չլինի, և խախտվեն մարդու իրավունքները կոպտագույն ձևով:

Այս ամենն ԱՄՆ համար երևի թե գաղտնիք չի կարող լինել, քանի որ ամեն ինչ արտացոլվում է այսօր համացանցում և հասանելի է բոլորին: Եվ ուրեմն` ինչո՞ւ է Ամերիկան փոխել իր գերակայությունների հաջորդականությունը և թիվ մեկը դիտարկում է տնտեսական կապերի խորացումը: Պատճառները ամենայն հավանականությամբ պետք փնտրել խորքում:

Այսինքն` մենք գործ ունենք մոտեցումների փոփոխության հետ, և ԱՄՆ-ում հասկացել են, որ Հայաստանում արժեքային փոփոխությունները արագ և արդյունավետ կարող են լինել միայն հեղափոխության պայմաններում, հեղափոխության արդյունքում: Սակայն ԱՄՆ-ը Հայաստանում միշտ էլ ձեռնպահ է մնացել հեղափոխական նախաձեռնություններից, ինչը առավելապես պայմանավորված է նրանով, որ Հայաստանում առնվազն չափազանց մեծ է Ռուսաստանի ազդեցությունը, ինչպես նաև առկա է ղարաբաղյան պատերազմի խնդիրը՝ նաև հենց ռուսական ազդեցության առկայության պարագայում: Իսկ այդ իրավիճակում առավել արդյունավետ են դառնում տնտեսական մեթոդները, որոնք իշխանական համակարգում կարող են ավելի մեծ շահագրգռություն առաջացնել և համագործակցության ավելի մեծ տրամադրվածություն:

Սա, անշուշտ, արագ ճանապարհ չէ, սակայն կարող է ավելի արագ տանել դեպի արժեքների և իրավագիտակցության փոփոխություններ, քան այդ արժեքների անմիջական պարտադրման տարբերակը: Եվ ահա թե ինչու է ԱՄՆ-ը թիվ մեկ գերակայություն հռչակել տնտեսական համագործակցությունը: Սա պրագմատիկ շահերի վրա հիմնված մեթոդ է, որը Հայաստանի իշխանությունների համար ավելի հասկանալի լեզու կլինի, որովհետև նրանք փողի լեզուն են լավ հասկանում: Եվ ԱՄՆ-ը հուսով է, որ միգուցե այդ լեզվով կարող է բացատրել բաներ, որոնք Հայաստանի իշխանությունները արդեն մոտ երկու տասնամյակ չեն կարողանում հասկանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել