Tert.am-ը գրում է.

Սիրիայում հարձակումների և իր գործողությունների համար Թուրքիան չի պատժվելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով երեկ գիշեր Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի ռազմական գործողություններին:

-Թուրքիայի կողմից Սիրիայի տարբեր հատվածներում սկսվել են ռազմական գործողություններ, և ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ քրդերն իրենց չեն օգնել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և իրենք զորքը հետ են քաշել ու չեն օգնի քրդերին: Չկա՞ն այլ երկրներ, որոնք չեն օգնել ԱՄՆ-ին այդ պատերազմում, սակայն ԱՄՆ-ի դաշնակիցներն են և ստանում են աջակցություն, կամ այդպես չի՞ եղել քրդերի պարագայում նախկինում: Ո՞րն է Թրամփի այս հայտարարության իրական պատճառը:

-Բնականաբար եղել են դեպքեր, երբ ԱՄՆ-ին չաջակցող երկրները նրա աջակցությունն ստացել են, քրդերին էլ ԱՄՆ-ն տարբեր տարիներ աջակցել է տարբեր թիրախների դեմ պայքարելու համար, այդ թվում՝ զենք և զինամթերք տալով, քրդերն էլ ակտիվ պայքարել են «Իսլամական պետության» դեմ նույն ամերիկյան զենքով: Այս առումով, իհարկե, հիմա քրդերը շատ բարդ և ծանր կացության մեջ են հայտնվել, որովհետև թուրքական հզոր բանակը ուղիղ հարվածներով ոչնչացնում է քրդական զենքը, զինամթերքը և լուրջ վնասներ է հասցնում քրդերին, ովքեր պայքարել են իրենց իրավունքների համար և ահաբեկչական խմբավորումների դեմ: Թրամփի նման մոտեցումն, իհարկե, շատերին է զարմացրել Վաշինգտոնում, և կարծում եմ, որ թուրքերը հարմար պահ են գտել քրդերին լրացուցիչ հարվածներ հասցնելու համար Սիրիայի տարածք ներխուժելու և այնտեղ իրենց  դիրքերն ամրացնելու համար:

-Աշխարհի արձագանքը քի՞չ է, ինչո՞ւ է այդպես, արդյո՞ք պատճառն այն է, որ մի կողմում Թուրքիան է:

- Աշխարհի արձագանքն ադեկվատ չէ, Թուրքիան մի պետություն է, որը երբեք իր գործողություների համար չի պատժվել, Թուրքիան մի պետություն է, որն ամեն ինչ անում է, և Էրդողանը մի գործիչ է, որ ամեն ինչ անում է, ու դրա համար երբևէ չի պատժվել՝ սկսած սուվերեն պետության տարածք ներխուժելուց, ցեղասպանություն գործելուց, ռուսական օդանավ խոցելուց, Վաշինգտոնի կենտրոնում ԱՄՆ քաղաքացի ծեծելուց: Սա մի պետություն է, որն ամեն ինչ կարող է անել ու չի պատժվում: Ցանկացած միջազգային իրավունքի սկզբունք խախտելուց երբևէ  պատասխանատվության չի ենթարկվել, և բնական է, որ աշխարհն էլ հենց այսպիսի արձագանք պետք է տար: Այսինքն՝ արձագանքը, մեծ հաշվով, շատ ոչ ադեկվատ է այն իրողությանը, արձագանքվողներն էլ հասկանում են, որ մեծ հաշվով ոչինչ անել չեն կարող, որովհետև հաշտվել են այն մտքի հետ, որ Թուրքիան ինչ ուզի աշխարհի որևէ պետության տարածքում, կարող է անել ու կարող է մնալ անպատիժ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել