«Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարդ է միջնորդել՝ Բուդաղյան ընտանիքի հետ հաշտվելու համար,– գրում է թերթը։

«Մեր տեղեկություններով, Լիսկան դա անում է ընդհանուր ծանոթի միջոցով։ Մեր աղբյուրը հայտնում է, որ Խաչատրյանը դիմել է Բուդաղյան եղբայրներից կրտսերի՝ ՌԴ-ում բիզնեսով զբաղվող Արայիկի կոմպանիոններից մեկին, որպեսզի նա հարթի երկու կողմերի միջև ծագած խնդիրը։ Մյուս կողմից, զարգանում է Արտակ Բուդաղյանին զինված հարձակման մեջ մեղադրելու վարկածը, ինչի մասին գրել ենք մեր թերթի երեկվա համարում։

Սրանց զուգահեռ, հիմքեր են նախապատրաստվում Լիսկայի որդու և թիկնապահի կողմից Ավո Բուդաղյանի սպանությունը պաշտոնապես որպես ինքնապաշտպանություն որակելու համար։

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դեպքից հետո գրեթե չի լինում մարզում։ Սյունեցիների շրջանում անգամ տեղեկություններ են պտտվում իր հարազատներին Գորիսից «էվակուացնելու» վերաբերյալ։ Խաչատրյանը շարունակում է ապրել մայրաքաղաքում։ Մեր աղբյուրները հայտնում են, որ նա ամեն առավոտ մարզվում է Երևանի «Էլիտար» մարզահսսմալիրներից մեկում՝ լողավազան է հաճախում։ Սուրիկ Խաչատրյանը անվտանգության և մարդկանց աչքին շատ չերևալու նկատառումներով է առավոտյան այնտեղ հաճախում։ Մարզահամալիրում «Սյունյաց որսորդն» անհանգիստ այս ու այն կողմ է նայում։ Երևում է, որ մտավախություններ ունի։ Այս մարզահամալիր են այցելում նաև

բարձրաստիճան ոստիկաններ, որոնք Սյունյաց նախկին «տիրակալին» չափից դուրս հաճոյանում են։

Միևնույն ժամանակ, ըստ մեր լավատեղյակ աղբյուրների, «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ գտնվում է Սուրիկ Խաչատրյանի որդին՝ 19-ամյա Տիգրան Խաչատրյանը, այցելում և«պերեդաչի» են տանում երիտասարդ ՀՀԿ-ականները։ Շրջանառվում է նաև Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի անունը։ Նա մեզ հետ զրույցում հերքեց այս լուրերը։ «Այդպիսի բան չկա, էդ դեպքից մինչև էսօր ես չեմ հանդիպել (Տիգրանին– հեղ.)։ Սուտ խոսակցություններ են»,– մեզ ասաց Ասրյանը։ Նա նշեց, որ Խաչատրյանի և իր հարաբերությունները ոչ շատ ջերմ են եղել, ոչ էլ շատ թշնամական։ Սա այն դեպքում, երբ Ասրյանի և Խաչատրյանի հարաբերությունները կողքից գնահատվել են՝ լավ։ Նա հավաստիացրեց, որ դեպքից հետո անգամ նախկին մարզպետին չի հանդիպել, քանի որ «առիթ չի եղել»»,– գրում է թերթը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել