Հարեմ-ի Հումայունը (Օսմանյան կայսրության սուլթանների հարեմ) գոյություն է ունեցել մի քանի դար։ Այս ժամանակահատվածում հարեմը, որտեղ ապրում էին ոչ միայն հարճերը և կանայք, այլ նաև սուլթանի քույրերը, դուստերը և մայրը, օսմանյան սուլթանների կյանքի ամենակարևոր մասերից մեկն էր։
Հարեմում սուլթանի միայն անձնական կյանքը չէր կազմակերպվում։ Հաճախ այնտեղ որոշվում էին շատ կարևոր քաղաքական և սոցիալական հարցեր, կործանվում ճակատագրեր (Օսմանյան կայսրության պատմության մեկ ամբողջ դար ստացել է «կանացի սուլթանություն» անվանումը, քանի որ հարեմի ներկայացուցիչները մեծ ազդեցություն են ունեցել պետական գործերի վրա)։
20-րդ դարի սկոզբում՝ մոտ 1908 թվականին, օսմանյան հարեմը ոչնչացվել է․ երբեմնի հզոր կայսրությունն անկում էր ապրում և տեղի էին ունենում լուրջ փոփոխություններ։
Երիտթուրքերը և Աբդուլ Համիդ 2-րդը
19-րդ դարից կայսրությունում մեծ թափ էր հավաքում երիտթուրքերի շարժումը։ Երիտթուրքերը վստահ էին, որ սուլթանի միանձնյա կառավարումը կանգնեցնում է երկրի զարգացումը։ Այն ժամանակ Օսմանյան կայսրությունում իշխում էր «Արյունոտ սուլթան» անվանումով հայտնի Աբդուլ Համիդ 2-րդը, ով հաշվի չեր նստում ոչնչի հետ և կառավարում էր հին ավանդույթներին համապատասխան. իրեն համարում էր միակ տիրակալ և ուներ հարյուրավոր հարճեր։
Երիտթուրքերի հեղափոխությունը վերջ դրեց նրա իշխանությանը։ Երբեմնի հզոր սուլթանը վտարվեց, նրան հետևեցին նաև իր 7 կանայք։ Սուլթանի մնացած կանայք, հարճերը և սիրուհիներն ազատ արձակվեցին։
Հարեմի վերջը
Դարեր շարունակ գաղտնի պահված սուլթանական հարեմը վերջապես բացվեց։ Շփոթված հարճերը չգիտեին ուր գնալ և ինչպես ապրել։ Թեև վերջին սուլթանի հարեմը շատ փոքրիկ էր համարվում, այնուամենայնիվ, փողոցում հայտնվեց ավելի քան 200 կին։ Դժբախտներին պալատից պալատ էին տեղափոխում, մինչև որ որոշում կայացվեց նրանց վերադարձնել իրենց ընտանիքներ։
Շատ շտապ կայսրություն հրավիրվեցին հարճերի բարեկամները (հիմնականում չերքեսներ, ովքեր ապրում էին Անատոլիայի սահմանամերձ հատվածներում)։ Բոլորի բարեկամներին գտնել, իհարկե, չհաջողվեց, սակայն շատերը եկան։ Ըստ ականատեսների՝ երկար ժամանակ բաժանումից հետո հարազատների միացությունը շատ հուզիչ է եղել։ Մի կերպ զսպելով իրենց արցունքները՝ աղջիկների հայրերն ու եղբայրները նրանց ազատել են գերությունից և տարել ծննդավայր։
Այն հարճերը, ում ետևից ոչ ոք չէր եկել, տեղափոխվել են քաղաքից դուրս։ Նրանցից ոմանք հետագայում ամուսնացել են, մյուսները՝ տեղափոխվել այլ հարեմներ։