Lragir.am-ը գրում է.

Վերջին մեկ ու կես տարում Հայաստանում սեփականության վերաբաշխման ոչ մի դեպք չի եղել, սա կարևոր քաղաքականություն է, որը որդեգրել է կառավարությունը: Այս մասին «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ձեզ ուղիղ ուզում եմ ասել՝ շատ մեծ է եղել և է գայթակղությունը, երբ ասենք մի սովորական քաղաքացի կնոջ անունով գրված հարստություն կա, և ես, նաև մեր իրավապահ մարմինները գիտենք, որ այդ սեփականությունը պատկանում է կոնկրետ բարձրաստիճան պաշտոնյայի, ձեռք է բերվել կոնկրետ միջոցներով: Եվ մեծ է գայթակղությունը ԱԱԾ-ին ասել՝ այդ կնոջը բերեք և ասեք, որ թող նոտարով գրի, որ այդ սեփականությունը նվիրում է պետությանը: Շատ մեծ է այդ գայթակղությունը և քաղաքական առումով հնարավոր է նույնիսկ արդարացված համարվի, բայց մենք, այսպես ասած, ատամներս կրճտացնելով՝ գիտենք, որ չի կարելի այդպիսի բան անել, որովհետև եթե թեկուզ ֆեյք սեփականությունը դու այդ ճանապարհով վերցնում ես, բոլորը կմտածեն, որ էդ նույնը կարող է նաև իրենց հետ տեղի ունենալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա հավելեց, որ  ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանա՝ նման բան չի կարող իր հետ լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել