Երեւանում երրորդ օրն է, որ իր աշխատանքն է շարունակում «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը: Աշխարհի ամենահեղինակավոր ՏՏ միջոցառումը, որն սկսվել է հոկտեմբերի 6-ին, կավարտվի այսօր՝ հոկտեմբերի 9-ը:

Համաժողովի բացմանը ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Համաժողովի առաջին օրը ելույթներով հանդես են եկել, մասնավորապես, WITSA-ի նախագահ Իվոն Չիուն, ազգային անվտանգության հարցերով ամերիկացի փորձագետ Ռիչարդ Քլարկը, իսկ նախօրեին հանդես են եկել VaynerX եւ VaynerMedia-ի նախագահ Գարի Վայներչուկը, «GIPHY»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքս Չունգը, համաշխարհային ճանաչում ունեցող Քիմ Քարդաշյանը, Reddit եւ Initialized Capital-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը:

Ավելի ուշ աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը, Ալեքսիս Օհանյանը, «Սինոփսիս Հայաստանի» նախագահ Երվանդ Զորյանը եւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ասուլիս են հրավիրել:

Համաժողովում այս տարի բանախոսներից են նաեւ Acer ընկերության հիմնադիր Սթեն Շին, CNN հայտնի լրագրող Ռիչարդ Քվեստը եւ մյուսները:

Հոկտեմբերի 6-ին համաժողովի բացումը ազդարարվել է աննախադեպ համերգով, որի ընթացքում ավելի քան 100 երաժիշտներից կազմված նվագախումբը պատմության մեջ առաջին անգամ կատարել է արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը: Համերգային ծրագրով հանդես եկավ նաև Գրեմիի մրցանակակիր, աշխարհահռչակ DJ Արմին վան Բյուրենը:

Նշենք, որ «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ 

Նախորդ տարիներին համաժողովը անցկացվեց Բրազիլիայի մայրաքաղաքում՝ Բրազիլիայում, Թայվանի մայրաքաղաք Թայբեյում, Հնդկաստանի Հայդերաբադում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել