Aysor.am-ը գրում է.

Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում տեղի ունեցավ մոմավառություն՝ ի հիշատակ ուղիղ երեք ամիս առաջ սպանված գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի:

Մոմավառությանը ներկա էին Հրաչ Մուրադյանի մարտական ընկերները, համագյուղացիներ, ինչպես նաև՝ ՀՅԴ ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանն ու Արծվիկ Մինասյանը:

«Ես՝ որպես Հրաչ Մուրադյանի ընկեր, կուսակից ու որպես Ազգային ժողովի պատգամավոր, պահանջելու եմ այս ոճրագործության շուտափույթ բացահայտում: Այս ոճրագործությունն ուղղած չէր մեկ մարդու կամ մեկ ընտանիքի դեմ, սա գնդակ էր՝ ուղղված հայոց պետականության դեմ: Չպիտի թույլ տանք, որ այդ գնդակը տեղ հասնի»,- մոմավառության ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանն էլ Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց առաջնային պահանջը բացահայտումն է.
«Տեսնում եք, որ այս գյուղում բոլորի աչքերին մի բան է գրված՝ բացահայտում: Մենք գործի ենք դնելու մեր բոլոր լծակներն ու անելու ենք ամեն բան, որ նման ոճրագործությունը բացահայտվի մինչև վերև»:

Նշենք, որ մոմավառության արարողությունից առաջ գյուղապետաարանի դիմացից հանվեց ասֆալտի այն հատվածը, որտեղ սպանվել է Հրաչ Մուրադյանը, փոխարենը դրվեց սև քար:

«Այս սև քարը ամեն անգամ կհիշեցնի մեզ կատարված ոճրագործության մասին ու մեր մեջ վառ կպահի պահանջատեր լինելու կրակը, իսկ ասֆալտի այն մասը, որի վրա դեռ մնացել են մեր ընկերոջ, մեր գյուղապետի արյան հետքերը, պահելու ենք որպես սուրբ մասունք»,-ասաց կազմակերպիչներից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել