Shamshyan.com-ը գրում է.

Այսօր դժգոհելու շատ պատճառ կա, սակայն ամենաշատը կարելի է դժգոհել դժգոհելով բավարարվողներից, որոնք զբաղված են` բողոքն այլ բողոքողների հասցնելով։ Որոշ մարդիկ, կարծես, լիովին համոզված են, որ արդի հայ մտածողի կերպարի ամենաբնորոշ հատկությունը բոլորից ու ամեն ինչից դժգոհելն է: Եվ սա գալիս է նրանից, որ ներկայում բավական լայն ժողովրդականություն են վայելում, իրենց ու այլոց կյանքը սևացնող, երկու գիրք կարդացած դժգոհողները: Իրականում նրանցից շատերի կյանքն այդքան էլ դժգույն չէ, ու եթե գոնե մեկ անգամ անկեղծ լինեն, կխոստովանեն, որ ճշմարիտ է Հենրիխ Սենկևիչի խոսքը. «Աշխարհը կատարյալ սև տեսնելը նույնքան հիմարություն է, որքան բացարձակ լավատեսությունը»: Դժգոհողները, սակայն, այդ անկեղծությունը չունեն, որովհետև վարձկան են և դժգոհելն դարձրել են մասնագիտական բնավորության գիծ: Կար ժամանակ, երբ հասարակական կամ քաղաքական երևույթի վերաբերյալ բացահայտ դժգոհություն հայտնելը իրավամբ հերոսություն էր համարվում։ Դա կոմունիզմի ժամանակն էր, որի թողած լեշերը դեռ հոտում են: Մարդիկ դժվարանում են հասկանալ, որ հարատև բողոքելով` թունավորում են իրենց շրջապատը` մեր միջավայրը, ինչը կարող է հանգեցնել սոցիալ-էկոլոգիական աղետի: Այստեղ տեղին է հիշատակել Մ. Շելերի և Ֆ. Նիցշեի մշակած ռեսենտիմենտը (ֆր. բառացի-չարացածություն)` պատմահոգեբանական, աշխարհայացքային ապրումը: Սա մի տեսակ ինքնաթունավորում է. սրա գործոններից են հիշաչարությունը, նախանձը, ոխակալությունը, խանդը, չարամտությունը և այլն: Եվ չարակամությունները պարտադիր միավորվում են մեկ ընդհանուր` անզորության զգացումի ներքո: Այս ապրումը չի կարող իր բավարարումն ունենալ, որովհետև վրեժի ծարավն ուղղված չէ առ ինչ-որ մեկը, այն ուղղված է առ ամենքը: Ռեսենտիմենտի կրողը կարող է ամենքին ներել ամեն ինչч բացի նրանից, որ ամենքն այնպիսին են, ինչպիսին որ են: Սա բավարար է, որպեսզի ինքնաթունավորող Ես-ը լիովին արդարացված կերպով երազի մնացած ամեն տեսակի անկումը: Կան մարդիկ, որոնց երջանկությունը հիմնված է այլոց դժբախտության վրա: Նույն կերպ կան գրիչներ, որոնց գրագիտությունը հիմնված է այլոց անգրագիտության վրա: Նույնը կարելի է ասել քաջության, մարդասիրության, բարոյականության վերաբերյալ. խավարը «փրկում է» կիսախավարությունը: Սակայն ինքնաթունավորող մարդը չի բավարարվի ու երբեք իրապես չի երջանկանա, եթե նույնիսկ հասնի ամենքի գնդակահարմանը: Նա ձգտում է վրեժի, համընդհանուր վրեժի, որտեղ վրեժն ինքնավար է:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել