1in.am-ը գրում է.

Կոտայքի մարզի Սարանիստ գյուղում տնտեսությունների թիվը 280-ի չի հասնում։ Այստեղ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: 

Գյուղի բնակիչներից Հեղինե Միլոյանը միայնակ պահում է իր երեք անչափահաս երեխաներին: Մեկ կով ու մեկ հորթ ունի: Պատմում է, որ 96-ից Սարանիստ տեղափոխվեցին, ապրում էին «դոմիկում»։ «Ես մենակ իմ երեխաներին պահել եմ, մեծացրել, իմ երեք էրեխու գոյությունը պաշտպանել եմ»,- մեզ հետ զրույցում ասաց Հեղինե Մելոյանը:
Ամսական նպաստ է ստանում, սակայն 34 հազար դրամը չստացած՝ վերջանում է, քանի որ մեկ պարկ ալյուր է պարտադիր գնում, Զորիկի խանութից «նիսյա» վերցրած ապրանքների գումարն է տալիս, դպրոցական դստեր համար տետրեր գնում: Հիմա էլ երկու ամիս պետք է կաթ վաճառի, որ երեխայի դպրոցի հագուստի հարցը լուծի:
«Տղաներիս որ բանակ տարան, նպաստից հետո ի՞նչ պետք է անեմ: Երեխաներս իրենք իրենց գլուխը պետք է պահեն, ես հազիվ շնչում եմ»,- ասաց նոր վիրահատված կինը:
Նա պատմեց, որ տանը տանիք չունենալու պատճառով շատ հաճախ անձրևի ժամանակ ցելոֆաններ են գցում իրենց վրա՝ նոր պառկում: Իսկ ձմռանն էլ սարսափելի է լինում, երբ աթարը վերջանում է։ Շատ շուտ են պառկում քնելու՝ ցրտի պատճառով: Տանիքի վերանորոգման խնդիր ունեն, որ որևէ կերպ չեն կարողանում լուծել: 
Տիկին Հեղինեն նշեց, որ տարին մեկ անգամ մեկ շիշ ձեթ և հինգ ձու են բաժանում Գագիկ Ծառուկյանի կողմից:
Ընտրություններին Հեղինեն երբեք գումար չի վերցնոմ։ «Ինձ ասել են՝ արի սրան ընտրի, ես ասել եմ՝ ես խելք ունեմ, ես կընտրեմ նրան, ում ուզում եմ, ես իմ ձայնը չեմ վաճառի։ Ես խելք ունեմ իմ ընտրությունը կատարելու»,- ասաց հոգսաշատ կինը, որ գիտի իր ձայնի արժեքը, որը երբեք չի վաճառելու…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել