jfhr.am-ը գրում է.
«Արտակ Բուդաղյանը չի կրակել և չէր էլ կարող կրակել: Նրանք, ում ձեռքում գտնվում է տեսանյութը, չէին կարող այդ մասին չիմանալ: Չմոնտաժված տեսանյութից միանգամայն պարզ է դառնում, որ Սուրեն Խաչատրյանի տան վրա որևէ զինված հարձակում տեղի չի ունեցել,քանի որ բոլոր գործողությունները կատարվել են տանից որոշակի հեռավորության վրա գտնվող սովորական մի փողոցում»,- մեզ հետ զրույցում վստահորեն նշեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը:
Նշենք, որ Հայաստանի զինդատախազ Գեւորգ Կոստանյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հունիսի 2-ին տեղի ունեցած արյունալի միջադեպից հետո ծանր վնասվածք ստացած Արտակ Բուդաղյանին առայժմ գործով տուժող չճանաչելը պայմանավորում է «բազմաթիվ քննչական գործողությունների անհրաժեշտությամբ»` բացարձակապես չկոնկրետացնելով այդ գործողությունների բնույթը:
Սակայն,փաստաբանի համոզմամբ որովայնի շրջանում կյանքի համար վստանգավոր հրազենային վնասվածք ստացած Արտակ Բուդաղյանին դեպքից հենց մեկ օր անց տուժող ճանաչելու համար առկա էին անհրաժեշտ բոլոր նախապայմանները:
«Մենք միջնորդություն ենք ներկայացրել գլխավոր դատախազին վերացնել այդ չպատճառաբանված որոշումն ու պարտավորեցնել քննիչին կայացնել պատճառաբանված որոշում: Բողոքարկումը ներկայացրել ենք հենց գլխավոր դատախազին, որովհետև մենք որևէ հույս չունենք, որ զինդատախազի կողմից կարող է անաչառ մոտեցում լինել՝ հաշվի առնելով դեպքից հետո արված հայտարարությունները»:
Գործի մեջ բազմաթիվ խնդիրներ տեսնող փաստաբանն արդեն բացառում է որևէ պատահականության հնարավորությունը` գտնելով որ միշտ միայն մեկ ուղղությամբ ի հայտ եկող անհամապատասխանություններն արդեն վերածվել են որոշակի տենդենցի: Բոլոր այս հանգամանքներից ելնելով` փաստաբան Ալումյանի համար նմանատիպ դիրքորոշման դիտավորությունն արդեն իսկ ակնհայտ է:
Դատախազության անունից արվող հայտարարությունները սովորաբար տրվում են մամլո ծառայության միջոցով` որպես կանոն տրամադրելով առավել հավասարակշռված տեղեկատվություն:
Փաստաբանի համար հատկապես անընդունելի է այն հանգամանքը, երբ զինդատախազը դեպքից այդքան կարճ ժամանակ անց կարող է հանդես գալ նմանատիպ սուր և միանշանակ հայտարարություններով: Նման իրավիճակը Հայկ Ալումյանը որակում է իբրև «քողարկված պատվեր նախաքննությունն իրականացնող մարմնի համար»:
«Զինդատախազի կողմից բավականին վստահ տոնով հասարակությանը հրամցվում է այնպիսի տեղեկատվություն, որը դեռ ոչ միայն ստուգման կարիք ունի, այլ ուղղակիորեն հակասում է իրականությանը»:
Ալումյանի կարծիքով, զինդատախազի հայտարարությունը կարծես վերածվել է մի փարոսի, դեպի որն այժմ նախաքննությունն իրականացնող մարմինները փորձում են քննությունն առաջ տանել:
«Սկզբում պիտի լինեն ապացույցներ, որոնց հիման վրա էլ հետագայում կարող են արվել որոշակի հայտարարություններ: Սակայն այս դեպքում ամեն ինչ գնում է հակառակ ուղղությամբ. սկզբում տրվել են գնահատականներ և այժմ ես վախենում եմ, որ այս գնահատականներն արդարացնելու նպատակով ապացույցներ են հարմարեցվում»,- իր մտահոգությունն է հայտնում փաստաբանը:
Խոսելով իրենց հետագա քայլերի մասին, Ալումյանը նշեց.
«Ես հատկապես ցանկանում եմ ընդգծել, որ չնայած իմ կողմը դեռևս պետության կողմից արդարության վերականգման հույս ունի, միևնույն ժամանակ պատրաստ է ցանկացած զարգացման և հետագա ընթացքից կախված պատրաստ ենք գործի մեջ ներգրավել նաև այլ փաստաբանների»:
Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանի 19-ամյա որդուն եւ 25-ամյա թիկնապահին Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ դիտավորյալ սպանության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու եւ ապօրինի զենք-զինամթերք կրելու մեղադրանքներ են առաջադրված: Տիգրան Խաչատրյանն ու Զարզանդ Նիկողոսյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում են: Զինդատախաղության և քննչական մարմինների նման գործելակերպն ու դիրքորոշումը փաստաբան Հայկ Ալումյանը գնահատում է իբրև ուղղակի ճնշում տուժող կողմի վրա: Բացի այդ, նա նշում է, որ նման կերպ փորձ է արվում հավասարակշռելու երկու կողմերի մեղքը:
Ալումյանի որակմամբ դեպքից անմիջապես հետո շրջանառվող և արդեն մոնտաժված տեսանյութը, զինդատախաղի սուր և միանշանակ հայտարարություններն ու հարցազրույցը միջոց է հասարակական արհեստական կարծիքի ձևավորման և այդ կարծիքի մանիպուլյացիայի համար:
«Մենք պատրաստ ենք անել ամեն հնարավոր բան հասարակությանը իրականությունը հասցնելու համար: Մինչդեռ մյուս կողմն աշխատում է հասարակությանը խեղաթյուրված պատկեր հրամցնելու վրա»,- իր վճռականությունն է հայտնում փաստաբան Ալումյանը:
«Ինչո՞ւ պետք է անպայման տուժող ճանաչվեր Արտակ Բուդաղյանը», այս հարցադրման հեղինակը Փաստաբանների պալատի նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի փաստաբան Ռուբեն Սահակյանինն է, ով հարցի պատասխանը ստանալու համար հղում է կատարում Բուդաղյանների շահերը ներկայացնող փաստաբան Հայկ Ալումյանին:
«Նախաքննությունն ընթացքի մեջ է, ինքը գործի նյութերին այնպես ծանոթ չէ, ինչպես` ես: Ինչո՞ւ է Ալումյանը այդ կարծիքին եկել, ես առայժմ հիմնավորումներ չեմ տեսնում եւ գտնում եմ, որ նախաքննական մարմինը շատ ճիշտ է վարվել». Առավոտ-ին տված հարցազրույցում այդպես էլ չհիմնավորելով իր տեսակետը հայտարարել է է Փաստաբանների պալատի նախագահը:
Հարցազրույցում միակ հղումը, որին կատարել է Ռուբեն Սահակյանը դա զինդատախազի խոսքի նկատմամբ ունեցած վստահությունն է: «Եթե հանրապետության զինդատախազը ասում է, որ հարձակում է եղել ու տեղի է ունեցել փոխհրաձգություն, ապա նա մերկապարանոց նման հայտարարություն չէր անի, եթե իր տրամադրության տակ չունենար փաստեր», նշել է փաստաբանը հավելելով`
«Իմ ենթադրությունները գալիս են այն ինֆորմացիայից, որ ստացել եմ` ծանոթանալով այն գործի նյութերին, որ տրամադրել են ինձ, այն տեսաժապավենից, որն ունեմ իմ տրամադրության տակ…իմն ավելի ամբողջական է, քան այն, ինչ կա ինտերնետում»:
Ի դեպ նշենք, որ նույն այդ ամբողջական տեսանյութին ծանոթ է նաև Հայկ Ալումյանը: Ինչպես պնդում է փաստաբանը Արտակ Բուդաղյանին տուժող ճանաչելու բոլոր պնդումները արված են քրեական դատավարությամբ սահմանված օրենքի նորմերին:
Տաթև Վարդապետյան
Նյութի աղբյուր՝ http://jfhr.am/?ln=1&id_=12&page_id=46
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել