1in.am-ը գրում է.
Հուլիսի 10-ին լրանում է Ավետիք Բուդաղյանի մահվան քառասուն օրը: Այս օրերին, ըստ մամուլի հրապարակումների, Սուրեն Խաչատրյանը փորձում է փաստաբանների միջնորդությամբ հանդիպել Բուդաղյանների ընտանիքի անդամներին, ներողություն խնդրել: Սակայն, ըստ Բուդաղյանների հարազատների, այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Հունիսի 1-ի երեկոյան Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների հետևանքով տեղում մահացել է Ավետիք Բուդաղյանը, իսկ եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Արտակ Բուդաղյանը դեռ դուրս չի գրվել հիվանդանոցից, ինքնազգացողությունը, սակայն, լավ է:
«Փաստաբանն էլ իր հերթին ասաց, որ նման բան չի եղել, թե՝ Սուրիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել հանդիպելու: Թե ով է այդ տեղեկատվությունը տարածել՝ անհասկանալի է, համենայնդեպս՝ նման բան չի եղել»,- ասացին նրանք՝ հավելելով, որ Սուրեն Խաչատրյանը այս քայլով փորձում է մարդկային հատկանիշներ դրսևորել, սակայն սա միայն որդուն փրկելու միտում ունի, ինչը առավել քան տխուր է:
Նրանց խոսքով՝ բավական է մեկ անգամ դիտել տեսագրությունը՝ հասկանալու համար, թե ինչպես են Սուրեն Խաչատրյանի թիկնապահին անմիջապես դնում մեքենան և տանում, և թե ինչպես են Բուդաղյան եղբայրներին մեջքից խփում: Նրանք իրենց զայրույթն արտահայտեցին Սուրեն Խաչատրյանի այն մեկնաբանության առնչությամբ, որն արել է նախկին մարզպետը՝ ասելով, թե՝ իմ տղան անմեղ է, ինքը պաշտպանվել է:
«Մեջքից խփելով մի՞թե պաշտպանվում են: Նա փորձում է ցույց տալ, որ մարդասիրական հատկանիշներով է օժտված, բայց ինքը մարդկային որևէ հատկանիշ չունի, թող նա նախ իր տղային դաստիարակեր, ոչ թե մարդասպան մեծացներ... մի՞թե ինքնապաշտպանվողը մեջքից է խփում, միայն թուրքերն են հայերին մեջքից խփում, մենք միայն թուրքին ենք նման քայլ անելիս տեսել»,- ասացին Բուդաղյանների հարազատները:
Նրանք նշեցին, որ Սերժ Սարգսյանը հավանաբար Սուրեն Խաչատրյանին Կարմիր խաչի շքանշանով պարգևատրեց թալանի համար. «Մի՞թե հերոսը նա է, ով մարդկանց է նսեմացնում, թալանում, հիսուն-հիսուն բոլորի բիզնեսում փայ մտնում, փող պոկում և այդպես հարստանում, մինչդեռ Ավոն աղքատ չի եղել, ինչպես Սուրեն Խաչատրյանը, որը կաթ ու մածուն վաճառող հովիվի տղա է եղել՝ չտես»,- ասացին նրանք:
Հարազատները պատմեցին, որ երբ Գորիսում էլ արտագաղթի տեմպերը մեծացան, Ավոն չէր թողնում մարդկանց լքել երկիրը, բոլորին ընդունել էր իր մոտ՝ աշխատանքի, նա միշտ մտածում էր, որ Գորիսը ամենաապահով տեղն է, և հենց կրակոցից էլ «ապահով» Գորիսում մահացավ:
Այս օրերին Արտակ Բուդաղյանը կատարվածի մասին բացարձակ չի խոսում, միայն մեկ անգամ է արտահայտվել՝ ասել է. «Ես միայն մի բան գիտեմ, որ երկուսիս՝ ինձ ու Ավոյին էլ մեջքից են խփել»:
Բուդաղյան եղբայրներին Խաչատրյանի տան բակում որևէ օգնություն չեն ցուցաբերել. «Դեռ մտածում է, որ իր որդին ինքնապաշտպանվե՞լ է, այսինքն՝ ով գալիս է իրենց հյուր, ավտոմատը ձեռքի՞ն են դիմավորում, ուրեմն մի բան գիտի, չէ՞, որ ավտոմատը կախած է գնացել դիմավորել, ու լավ էլ տեսանյութում երևում է: Մեջքից կրակելը մի՞թե ինքնապաշտպանություն է՝ այն դեպքում, երբ Արտակը ընդհանրապես չի կրակել»,- ասացին հարազատները:
Ավելին՝ Արտակ Բուդաղյանի մոտ չի եղել ծառայողական զենք, այլ որսորդական հրացան է եղել, և նա ընդհանրապես չի էլ կրակել, հրացանի մեը փամփուշտ էլ չի եղել:
Նրանք շարունակում են պնդել, որ միջադեպի օրը անհնար է, որ Սուրեն Խաչատրյանը քնած մնացած լիներ. մի՞թե արջի քուն էր մտել...
Մամուլում շրջանառվող լուրերի առնչությամբ, թե հնարավոր է՝ Արտակ Բուդաղյանին մեղադրանք առաջադրվի, հարազատները նշեցին, թե առաջին հերթին տուժող կողմը Բուդաղյաններն են եղել, և որևէ հիմք չկա նրա նկատմամբ մեղադրանք առաջադրելու:
Ինչ վերաբերում է Բուդաղյաններ-Սուրեն Խաչատրյան հնարավոր հանդիպմանը, Բուդաղյանները ասում են՝ ի՞նչը ներել, ինչո՞ւ, դա երբևէ կմոռացվի՞. «кровь не продается, а проливается»,- ասացին նրանք՝ հավելելով, որ Բուդաղյանները ոչ մի դեպքում չեն համաձայնվի հանդիպել:
«Եթե մինչև հիմա փողով գնել են մարդկանց, որ չբողոքեն, այս անգամ չի լինի նման բան: Սուրեն Խաչատրյանի բռնած ուղին իր տղան է նույնությամբ շարունակում, մտածում է, որ իր հայրը խուլիգանություններով հասել է մարզեպտի պաշտոնի, միգուցե ինքն էլ նման քայլերով կդառնա մարզպետ»:
Իսկ այն, որ Խաչատրյանները «Ֆեյսբուքում» իրենց «մարդկանց» են ուղարկում՝ Նատալյա Գազարյան անունով, սկզբում Նատա, հետո Նատաշա անուններով, որ պահանջի մարզպետի վերադարձը, կամ գնդակահարվի Արտակ Բուդաղյանը, Բուդաղյանները զգուշացնում են, որ ամեն ինչից տեղյակ են, և պատասխանատվության հարցը չի ուշանա: