AntiFake.am-ը գրում է․
Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, 4 անձ՝ Դավիթ Հովհաննիսյան, Սարգիս Մանուկյան, Արտակ Մարգարյան և Հայկ Ստեփանյան, հարձակում էին գործել «Հայելի» մամուլի ակումբի վրա։
Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից Դավիթ Հովհաննիսյանն ասել էր, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։ Նման «ակցիայի» պատճառը, ըստ նրանց, Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։ Նշված անձինք մեղադրում էին լրատվամիջոցին և Անժելա Թովմասյանին «ադրբեջանամետ» լինելու մեջ՝ վերը նշված հոդվածի վերնագրի ընտրության համար։ Նրանք իրենց գործողություններն իրականացնում էին ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի։
Մեծ աղմուկ հանած իրադարձության կապակցությամբ քննադատություններ և զարմանալիորեն նաև պաշտպանող գնահատականներ տեղ գտան սոցիալական ցանցերում։ Իշխանության որոշ ներկայացուցիչներ և նրանց աջակիցները հանդես եկան Hayeli.am-ի քննադատությամբ և իշխանության տարբեր օղակների ներկայացուցիչների հետ ջերմ հարաբերություններ ունեցող «ակցիա» իրականացրած անձանց պաշտպանությամբ։
AntiFake.am-ը փորձեց հասկանալ, թե ինչ է «թաքնված» Hayeli.am-ի հրապարակած և հարձակման առարկա դարձած հոդվածի վերնագրի տակ, սակայն պետք է խոստովանենք, որ դրանում «ադրբեջանամետ» որևէ նախադասություն առկա չէ։
Սակայն եթե լրատվականների «հայամետ» կամ «ադրբեջանամետ» լինելը չափվում է միայն «վերնագրերի» ընտրությամբ, ապա կարելի է այս համատեքստում քննարկման առարկա դարձնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» (armtimes.com) լրատվականի հրապարակումների վերնագրերը և համեմատության մեջ դնել hayeli.am-ի հրապարակման վերնագրի հետ ու գնահատական տալ։
Այսպես, ներկայացնում ենք «Հայկական ժամանակ»-ի տարբեր՝ մեծամասամբ նախկին իշխանությունների ժամանակների հրապարակումների վերնագրեր, որոնք վերաբերվում են Հայաստան-Ադրբեջան-Արցախ թեմաներին։