Ավստրալացի փոփ աստղ Սիան հայտնել է, որ տառապում է նյարդաբանական հիվանդությամբ, որը դարձել է քրոնիկ ցավի պատճառ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Երգչուհի-երգահանը տառապում է Էլերս-Դանլոսի համախտանիշով՝ հազվագյուտ հիվանդությամբ, որը կարող է չափազանց հոգնածության զգացողություն պատճառել:
Սիան հայտնի է նաև նրանով, որ իր կյանքը մշտապես գաղտնի է պահում և պարբերաբար իր դեմքը թաքցնում է կեղծամների և գլխաշորերի տակ:
«Ես պարզապես ուզում եմ ասել նրանց, ովքեր տառապում են ֆիզիկական կամ էմոցիոնալ ցավից, ես ձեզ սիրում եմ»,-«Թվիթեր»-ի իր էջում գրել է Սիան՝ հորդորելով առաջ շարժվել:
Էլերս-Դանլոսի համախտանիշով անձանց մոտ արտահայտված է «մաշկի գերէլաստիկություն»: Այդ հիվանդության սիմպտոմներից են հեշտությամբ ճկվող, թուլացած հոդերը և էլաստիկ, բայց արագ վնասվող մաշկը: Հիվանդությունն ազդում է շարակցական հյուսվածքների, ոսկորների և անոթների վրա։