Իրականում մենք սովոր ենք, որ աշխարհի ամենահայտնի ծովահենները հենց տղամարդիկ են, սակայն ամեն ինչ այդքան էլ այդպես չէ։ Պատմությունը մեզ տվել է մի քանի հայտնի կին ծովահենների, ովքեր շրջել են ծովահենների պատմության ամբողջ ընթացքը։ Նրանցից է հենց Մերի Բլադը կամ Ադամանդե Մերին։ 

Մերին հասարակ իռլանդուհի էր, ով պարզապես իր նավով նավարկում էր ծովում, երբ նավը հափշտակվեց ծովահենների նավի կողմից, ում ղեկավարն էր հայտնի «Սև մորուքը» կամ, ինչպես նրա իրական անունն է, Էդվարդ Տիչը, ով այն ժամանակ համարվում էր աշխարհի ամենահայտնի ծովահենն ու վախ էր տարածում նավարկող նավերի շրջանում։ 

Էդվարդն առաջին իսկ հայացքից ուղղակի տարվեց Մերիով։ Չնայած Մերիի նավի ամբողջ անձնակազմը սպանվել էր, նա հրահանգեց Մերիին խնայել ու ստիպեց նրան ամուսնանալ իր հետ։ Մերին ուղղակի ճար չուներ ու ստիպված համաձայնվեց։ Սև մորուքն այնքան էր տարվել Մերիի տեսքով, որ հարսանիքից անմիջապես հետո նրան մի ամբողջ նավ նվիրեց։ 

Սկզբում Մերին կաշկանդված էր նման հարցերում։ Նրան դուր չէր գալիս ծովահենների առօրյան, սակայն ժամանակի հետ ամեն ինչ փոխվեց։ Մերին իր նավին այնքան հարմարվեց, որ ինքը սկսեց արդեն դրանով նավեր թալանել ու զարդեր գողանալ։ Հասարակ ընտանիքում մեծացած աղջիկը հատկապես սիրում էր ադամանդներ, դրա համար նրան սկսեցին կոչել Ադամանդե Մերի։ 

Այսպես կշարունակվեր, եթե հերթական թալանը չփոխեր ծովահենային այս ընտանիքի կյանքը։ 

1729թ.-ին Մերին իր հերթական «որսին» էր դուրս եկել։ Նրա նավը որոշեց թալանել իսպանական ամենահայտնի նավերից մեկը։ Իսպանական նավն ամբողջությամբ գրավելուց հետո Մերին անձնակազմին գերի վերցրեց ու հենց այդ պահին էր, որ հանդիպեց այն իսպանացուն, ով փոխեց Մերիի կյանքը։ 

Նրանց հայացքները խաչվեցին, ու այդ խաչման արդյունքում միանգամից սեր ծնվեց։ Մերին չկարողացավ դիմանալ սիրո այդ հարվածին։ Նա առաջարկեց իսպանացուն վերցնել Սև մորուքի նվիրած թանկարժեք նավը, հավաքել բոլոր զարդերն ու փախչել բոլորից։ 

Այդպես էլ արեցին։ Մերին ու իսպանացին անհետ փախան այդ միջադեպից հետո։ Սև մորուքը կատաղությունից պոկում էր իր մորուքը։ Նա խոստացավ հենց նույն օրը, որ գտնելու է Մերիին ու մահապատժի ենթարկի։ Սակայն որքան էլ որ Սև մորուքի ցանկությունն ու կատաղությունը մեծ լինեին, նորաստեղծ զույգին այդ օրվանից այդպես էլ ոչ ոք չտեսավ։ Այսպես Մերին մնաց ծովահենների պատմության մեջ որպես միակ կինն, ով գողացավ հայտնի ծովահենի սիրտն ու նրա թանկարժեք նավը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել