«Փաստ» թերթի տեղեկություններով՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի» խանութների ցանցի՝ Նոր Նորք համայնքում մեգամոլի բացման կապակցությամբ ընկերությունը որոշել է նորամուծություն անել:

Ալեքսանյանը հայտարարել է, որ վաճառքի 25-30%-ից և սուպերմարկետում տեղի գումարից բացի, պետք է այլ բոնուսների տեսքով աշխատողների աշխատավարձերը ևս գանձեն: Խնդիրն այն է, որ նախատեսվում է մեգամոլի մթերային և այլ բաժիններում աշխատող չունենալ:

Փոխարենն, ամեն ընկերություն պետք է իր մի քանի ներկայացուցիչն ունենա խանութում, որոնք պետք է հերթափոխով աշխատեն: Հակառակ դեպքում ընկերությունները չեն կարող աշխատել մոլի հետ: Այլ կերպ ասած՝ խանութի տնօրինությունը տեղեկացրել է արտադրողներին, որ այլևս չեն պատրաստվում իրենց գրպանից վճարել աշխատողների աշխատավարձը, ուստի որոշել են ընկերությունների հաշվին այդ հարցը լուծել:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հարցին ընթացք տալու համար մի շարք ընկերություններ, այդ թվում՝ «Աթենք» ընկերությունն, այս մասին տեղեկացրել են ՏՄՊՊՀ հանձնաժողովին:

Ըստ էության, արտադրողները գտնում են, որ սա անբարեխիղճ մրցակցության վառ օրինակ է, որը կարող է վատ ավանդույթի վերածվել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, արտադրող ընկերությունները դժգոհում են նաև Սամվել Ալեքսանյանին պատկանող արտադրանքի իրացման առումով անհավասար մրցակցության պայմաններից:

Մեր տեղեկություններով, չի բացառվում, որ առաջիկայում բոլոր արտադրողները միավորվեն և համատեղ ուժերով սկսեն ակցիաներ, այդ թվում՝ գործադուլ անցկացնել, մինչև անհարկի տոկոսներ գանձելու և սուպերմարկետների ցանցերի կողմից իրականացվող այլ «նորամուծությունների» հարցերը, ինչպես նաև հարկային դաշտի առումով առկա խնդիրներն իրենց օրինական կարգավորումները չստանան»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել