Այս շաբաթ Վալդայյան համաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան։
Կարելի է երկար խոսել, թե մեր սեփական իշխանության որ անհեռատես ու անմիտ քայլերն են թույլ տվել պարոն Ալիևին այսպես հոխորտալ, և դա ինչ-որ պահի ևս կանեմ, սակայն այսօր ավելի կարևոր է, որ մեր ոխերիմ հարևանը հասկանա, որ ինչ իշխանություն էլ որ լինի Երևանում, հայ ժողովուրդը, հայկական բանակը, հայոց պետականությունն արհավիրքի պահին միասնաբար կանգնելու են իր դեմ և պաշտպանելու են մեր թանկ նվաճած ազատությունը։ Որքան ուզում ես, բացականչական նշաններ դիր, որքան ուզում ես, 5-րդ շարասյուն բուծիր Հայաստանում, որքան ուզում ես, խառնակչություն գցիր այստեղ, հայ մարդկանց ճնշող մեծամասնությունն իր խորքային բնազդով, միևնույն է, հասկանում է, որ հայրենի հողը կռվով է պահվում, և որ այդ հողը հանձնողը հանձնում է իր ու իր սերունդների ազատությունն ու ապագան։
Այսօր, երբ մեր սահմաններում նորից անհանգիստ է, երբ նորից գլուխ է բարձրացնում պատերազմի ուրվականը, յուրաքանչյուր ողջախոհ հայ մարդ պետք է սկսի պատրաստվել հակահարված տալու մեզ նետված մարտահրավերին։ Մեր դեմ կռիվ կսկսեն, եթե տեսնեն, որ մենք պառակտված ենք ու անհաշտ, աշխարհից խռոված ու մեկուսացած, փնտրում ենք ներսում մեղավորներ, ոչ թե դրսում հաղթանակ։ Եվ հետ կընկրկեն, եթե տեսնեն անսասան հավատ, մեր ներքին հակասությունները արտաքին վտանգին ստորադասելու կարողություն ու մեր ազատության համար կռվելու վճռականություն։
Որքան շուտ դա գիտակցենք, որքան արագ մեր ներքին վիճակը կարգի բերենք, որքան վճռական լինենք հակառակորդին դեմ-հանդիման, այնքան կնվազեցնենք իրական պատերազմի վտանգը, կխնայենք մեր երիտասարդների թանկ արյունը, մայրերի դառն արցունքը, որդեկորույս ընտանիքների անբուժելի վիշտը։ Մենք սրա միջով արդեն անցել ենք 2016-ի ապրիլին և երկրորդ անգամ նույն սխալը չպետք է կրկնենք։
Այսօր ընտրությունը մերն է, մենք բոլորս պետք է մեր պատասխանը տանք հակառակորդին։ Ես իմ պատասխանը տալիս եմ հավատով, եղբայրությամբ ու վճռականությամբ։