ԼՂ հակամարտությունը շարունակում է մնալ չլուծված, ավելին՝ գնալով ավելի է բարդանում: Այս մասին այսօր «Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով» գրքի (2003) վերախմբագրված հրատարակման վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց «Կարնեգի» հիմնադրամի ավագ վերլուծաբան Թոմաս դե Վաալը՝ հավելելով, որ վերջին մի քանի տարիներին բոլոր իրադարձությունները տեղի են ունենում ԼՂ խնդրի շուրջ, բայց ոչ՝ դրա ներսում: 

«Իհարկե, պատերազմի ռիսկը՝ թեկուզ ոչ ընդգծված, այնուամենայնիվ, առկա է, ընդ որում՝ մի քանի հնարավոր վարկածներով: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի ագրեսիային, ապա պետք է ասել, որ եթե ադրբեջանցիներն ագրեսիվ են, ապա հայերն էլ են ագրեսիվ, պարզապես պակաս չափով: Միաժամանակ, ԼՂ հակամարտությունն Ադրբեջանում քաղաքական դիսկուրսների առարկա է, բայց ոչ՝ հասարակական քննարկումների: Ղարաբաղը ադրբեջանցիների խոսակցության առաջնային թեման չէ, այլ միայն չորրորդական-հինգերորդական»,- ասաց Վաալը:

Հարցին՝ ի՞նչ է կարծում՝ պատրա՞ստ է արդյոք Ադրբեջանն ուղիղ բանակցություններ վարել ԼՂՀ-ի հետ, Վաալը նկատեց, որ պաշտոնական Բաքվի կողմից ինքը այդ առումով ամուր հակազդեցություն չի զգացել: «Հակամարտության գլխավոր մեխը ԼՂ կարգավիճակն է, և դա լուծելի հարց է: Բայց շատ են էմոցիաները, հասարակությունների հիշողությունները: Այդ է պատճառը, որ գործընթացի լուծմանը խանգարող էմոցիաները պետք է զատել իրականությունից»:

Անդրադառնալով իր հեղինակած գրքին՝ Վաալը նշեց, որ վերահրատարակված տարբերակում տեղ է գտել մի գլուխ, որում խոսքը վերջին տասը տարիներին ադրբեջանական նավթային բումի, այդ երկրում Իլհամ Ալիևի իշխանության գալու, Հայաստանում Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելու մասին է: 

Նա նաև նշեց, որ իր գիրքը հակամարտության լուծմանը որևէ կերպ չի օգնել, սակայն դրանում շատ են դրվագները, որոնք նորություն են ընթերցողների համար: «Օրինակ՝ գրքում շատ միֆեր եմ կոտրել, ասենք՝ այն, որ Խոջալուն Ադրբեջանի ազգային ճակատի ձեռքի գործն է եղել, որ հայերը ադրբեջանցիների հեռանալու համար մարդասիրական «միջանցք» էին թողել: Դրվագներ կան նաև Մարաղայի կոտորածի մասին: Ապացուցել եմ նաև Շուշիի ազատագրման հետ կապված որոշ դրվագներ»,- նշեց Թոմաս դե Վաալը:

Վերլուծաբանի խոսքով՝ վատ է, որ հայկական և ադրբեջանական հասարակությունները տաբուների պատճառով չեն կարողանում լիարժեքորեն քննարկել ԼՂ հակամարտության թեման: 

Թոմաս դը Վաալը նկատեց, որ ԼՂ հակամարտության հարցում բավական շահագրգիռ կողմեր են Ռուսաստանն ու Թուրքիան: «Սա, իհարկե, հիպոթետիկ վարկած է»,- ասաց նա՝ հավելելով, որ բոլորը գիտեն՝ Ղարաբաղը վիճելի տարածք է, և եթե Հայաստանն այն պահում է մշտապես պահելու համար՝ մի հարց է, բայց եթե պահում է միայն դրա ինքնիշխանության համար՝ բոլորովին այլ հարց: 

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ արդյոք հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում բոլո՞րն են հերոսացնում: Դը Վաալը հավաստիացրեց, որ ոչ բոլորը, սակայն հսկայական թվով ադրբեջանցիներ, այո, նրան հերոս են կարծում:

Քննարկման մյուս բանախոս, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն իր հերթին նկատեց, որ հակամարտությունների մասին պետք է խոսել՝ աշխատելով չեզոքություն պահպանել: «Միանշանակ է, որ նման խոսակցությունների ժամանակ բոլոր կողմերը չեն կարող գոհ մնալ, հնարավոր են հեղինակի կողմից թույլ տրված սխալներ: Կոնկրետ Թոմաս դե Վաալի գրքի լավագույն տարբերակն անգլերենով է գրված, քանի որ այդ լեզվով գրքեր ԼՂ խնդրի մասին չկան: Միաժամանակ չեմ կարող ասել, որ Թոմաս դե Վաալի գրքում թերություններ չեմ տեսնում»,- ասաց նա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել