Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում պալեոնտոլոգները քարացած կմախքի մի հատված են հայտնաբերել, որը վերաբերում է մայրցամաքից մայրցամաք թռչող պտերոզավրերի նոր տեսակին, հաղորդում է The Guardian-ը:

Ըստ գիտնականների՝ թևի 4 մետր բացվածք ունեցող պտերոզավրերը երկրի վրա ապրել են մոտ 90 միլիոն տարի առաջ: Դրա մնացորդները հայտնաբերվել են երկաթահանքում, սակավաթիվ բնակչություն ունեցող Վինտոն քաղաքից ոչ հեռու: Նոր տեսակն անվանել են Գրեհեմ քաղաքի նախկին քաղաքապետ «Բուտչ» Լենտոնի անունով՝ Ferrodraco lentoni («Բուտչի երկաթե վիշապ»):

«Չնայած այն հանգամանքին, որ չկարողացանք գտնել ամբողջական գանգը, մենք ունենք դրա մասերը, ինչպես նաև 40 ատամ, թևի տարրեր և հինգ ողեր»,- պատմել է Սուինբերնի համալսարանից ուսումնասիրության առաջատար հեղինակ Ադել Պենթլանդը:

Գիտնականները ենթադրում են, որ պտերոզավրը ունեցել է անհամաչափ մեծ գլուխ՝ մոտ 60 սմ: Պենթլանդը նաև հավելել է, որ հայտնաբերված վերին և ստորին ծնոտների մասերի հիման վրա պարզ է դարձել, որ նոր տեսակը գենետիկորեն մոտ է եղել Անգլիայում հայտնաբերված նախորդ սողունին:

Նա նաև շեշտել է, որ առջևի փոքր ատամները և այլ «եզակի բնութագրեր» ցույց են տալիս պտերոզավրի նոր տեսակին՝ գոյատևած Anhanguera խմբին պատկանելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել