Երկու մարդ գնում են մի բարեպաշտ քահանայի մոտ՝ նրանից խորհուրդ հարցնելու.
- Մենք գիտակցում ենք, որ մեղսավոր ենք, – ասում են նրանք, – սակայն ցանկանում ենք մաքրել մեր խիղճը: Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս անել դա, ինչպե՞ս ազատվել մեր մեղքերից:
Տարեց քահանան համաձայնում է օգնել նրանց.
- Բայց սկզբում, – ասում է նա, – դուք պետք է պատմեք ինձ ձեր մեղքերի մասին: Առաջինն սկսում է այսպես.
- Ես սարսափելի մեղք եմ գործել, ծանր մեղք, հսկայական սխալ եմ թույլ տվել: Այնուհետ երկրորդն է ասում.
- Օ՜, իսկ ես մի շարք փոքր մեղքեր եմ գործել, դրանցից ոչ մեկն էլ այդչափ սարսափելի և ծանրագույն չէ: Քահանան մի քանի րոպե խորհելուց հետո հայտնում է.
- Երկուսդ էլ ինձ մոտ մեկական քար բերեք, բայց այնպիսին, որ կխորհրդանշի ձեզնից յուրաքանչյուրի մեղքերը:
Երկուսն էլ գնում են՝ կատարելու քահանայի հանձնարարությունը: Քիչ անց առաջինը վերադառնում է՝ իր հետ բերելով հսկայական մի քարի կտոր, և, հազիվհազ քարշ տալով, դնում ծերունու ոտքերի մոտ: Այնուհետ երկրորդն է մոտենում՝ բերելով մանր քարի կտորներով մի պայուսակ ու դնում ծերունու ոտքերի մոտ:
- Շատ լավ է, – ժպտալով հայտնում է քահանան, – իսկ այժմ վերցրե՛ք ձեր բերած քարերը և տարե՛ք այնտեղ, որտեղից բերել եք:
Առաջինը մի պահ շփոթվում է, սակայն հնազանդվում է և, դժվարությամբ վերցնելով այդ խոշոր քարը, ճանապարհ բռնում հետ՝ որտեղից վերցրել էր: Իսկ ահա երկրորդը ոչ մի կերպ չի կարողանում հիշել, թե որտեղից է վերցրել այդ փոքր քարերից յուրաքանչյուրը: Այսպես, նա վերադառնում է իմաստունի մոտ և ասում նրան, որ չի կարող կատարել հանձնարարությունը: Այդ պահին քահանան պատասխանում է.
- Որդի՛ս, դու պետք է գիտակցես, որ մեղքերն այդ քարերի նման են: Երբ մարդ ծանրագույն մեղք է գործում, այն նույն ծանրությամբ, կարծես, կառչում է նրա խղճից: Բայց երբ նա ճշմարտապես ապաշխարի, նրա բեռը կթոթափվի նույն րոպեին: Նա այլևս ներված է և ազատ: Բայց երբ մարդ պարբերաբար մանր սխալներ է թույլ տալիս կամ մեղավոր բաներ անում, շատ քիչ հավանական է, որ նա կապաշխարի, և ավելի հավանական, որ կմնա այդպես մեղսավոր՝ դարձնելով դրանք իր սովորությունները: Հասկացի՛ր, վերջ տալ փոքր մեղքեր գործելու սովորությանը նույնն է, թե խուսափել մեծը գործելուց: Միևնույն է, մեղքի վարձքը մահ է: Բայց հոգու պտուղը հավիտենական կյանք է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել