Շուրջ 130 տարի առաջ Ջոն Պեմբերտոնը ցանկացավ ստեղծել մի դեղամիջոց, որը կպայքարի գլխացավի դեմ։ Այսպես ստեղծվեց Կոկա-կոլան, որն այժմ ոչ ալկոհոլային ամենատարածված խմիչքն է աշխարհում։ 

Էյզենհաուերի և Ժուկովի հանդիպումներից մեկի ժամանակ Էյզենհաուերը վերջինիս Կոկա-կոլա հյուրասիրեց, և Ժուկովը չափից դուրս շատ հավանեց անծանոթ խմիչքը։ Նա խնդրեց, որ Էյզենհաուերն իրեն այդ անծանոթ խմիչքից ուղարկի, և Էյզենհաուերը սիրով համաձայնեց։ Արդյունքում ԱՄՆ նախագահի միջնորդությամբ 50 ապակե տարայով Կոկա-կոլայի բուժող խմիչքներն առաքվեցին անձամբ Ժուկովին։ Թվում էր, թե բոլոր պայամանները ստեղծված են խմիչքի տարածման համար, սակայն ամեն ինչ այնքան էլ հեշտ չէր։ 

1959թ․-ին ԽՍՀՄ մեկ այլ լիդեր Խրուշչովն իր ամերիկյան գործընկերների հետ հանդիպման ժամանակ Պեպսի փորձեց։ Դրա արդյունքում նա չուզենալով գովազդեց այս խմիչքը, քանի որ փորձելու պահը ֆիքսվեց լուսանկարչական ապարատի կողմից ու տարածվեց տարբեր թերթերում։ Արդյունքում սկսվեց Կոկա-կոլա և Պեպսի Կոլա հակամարտությունը, որը մեծապես տարածվեց ԽՍՀՄ ամբողջ տարածքում։ 

Սկզբնական շրջանում Պեպսին ոչ մի կերպ չէր զիջում իր դիրքերը։ Խրուշչովի գովազդն այնքան ազդեցիկ էր, որ անմիջապես դուրս էր թողել բոլոր տեսակի մյուս մրցակիցներին։ Սակայն, իհարկե, սա երկար շարունակվել չէր կարող, քանի որ Կոկա-կոլան շարունակում էր տարածվել ամբողջ աշխարհով մեկ, հեղինակություն վաստակել, ու ԽՍՀՄ տարածքներն ուղղակի չէին կարող զերծ մնալ այս ազդեցությունից։ 

1980թ․-ի Օլիմպիական խաղերի ժամանակ Կոկա-կոլան դարձավ խաղերի պաշտոնական խմիչքներից մեկը։ Այն սկսեցին վաճառել թղթե բաժակների մեջ, ինչն ուրախացրեց ԽՍՀՄ-յան սպառողներին։ Մինչ այդ նրանք սովոր էին խմել ոչ այնքան հարմարավետ բաժակներով, սակայն այս պահից սկսած նրանք հասկացան, որ Կոկա-կոլա խմելն ավելի հարմարավետ է դառնում։ Կոկա-կոլան, սակայն, խաղերի ընթացքում իր փառքը կիսում էր Ֆանտայի հետ, բայց դա նրան այդքան էլ չէր մտահոգում։ 

Խմիչքը վերջնական հաղթանակ տարավ 1986-1987թթ․, երբ ընկերությունը պաշտոնական համաձայնագիր կնքեց ԽՍՀՄ ղեկավարության հետ, ու խմիչքը սկսեց արտադրվել նաև Մոսկվայում։ Արդյունքում Մոսկվայի փողոցներում հնարավոր դարձավ տեսնել Կոկա-կոլան գովազդող մեծ պաստառներ, որոնք առաջինն էին իրենց մեծությամբ ու որակում տարածաշրջանում։ 

Արդյունքում Մոսկվան, որը ժամանակին Գաբրիել Գարսիա Մարկեսը որակել էր որպես անվերջանալի փողոցների կենտրոն, որտեղ չկա Կոկա-կոլայի և ոչ մի գովազդային պաստառ, տեղը զիջեց այդ խմիչքի մարքեթինգային քայլերին ու դարձավ հերթական քաղաքը, որտեղ Կոկա-կոլան տոնեց իր հաղթանակը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել