ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2019-ի երրորդ եռամսյակում 125 միլիոն դոլար նախընտրական նվիրատվություն է հավաքել, ինչը ռեկորդային ցուցանիշ է ԱՄՆ-ում: Այս մասին Twitter-ում հաղորդել է Թրամփի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Բրեդ Փարսքեյլը:

Փարսքեյլի հաղորդմամբ, այդ գումարը գրեթե կրկնակի ավելին է, քան Բարաք Օբաման կարողացել է հավաքել 2011-ի երրորդ եռամսյակում՝ երկրորդ անգամ Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու առաջադրվելու ժամանակ: Օբամային հաջողվել էր 70 միլիոն դոլար հավաքել:

«Նվիրատվությունների հսկայական քանակություն այս եռամսյակում. Հանրապետական կուսակցության և Դոնալդ Թրամփի քարոզարշավը հավաքել է 125 միլիոն դոլար»,- գրել է Փարսքեյլը:

Թրամփի նախընտրական շտաբի կողմից նաև լայնամասշտաբ գովազդային արշավ է սկսվել, որը կապված է նախագահի իմպիչմենթի գործընթացի մեկնարկի հետ:

Ավելի վաղ Թրամփը «ամենամեծ խարդախությունն» էր անվանել Դեմոկրատական կուսակցության կողմից իր իմպիչմենթի գործընթացը սկսելը:

Ավելի վաղ, ԱՄՆ նախագահի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի միջև հուլիսի 25-ին տեղի ունեցած հեռախոսազրույցը սկանդալ է առաջացրել և հանգեցրել է Թրամփի իմպիչմենթի գործընթացի մեկնարկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել