168.am-ը գրում է․

38.000 ուսուցիչներն իրենց 10 տոկոս բարձրացված աշխատավարձերը կստանան մինչև հոկտեմբերի 15-ը: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ աշխատավարձերի այս բարձրացումն էապես կազդի նրանցից միայն 10-15 հազարի վրա:

«Երբ բարձրացում է լինում, վերահաշվարկներ են արվում, սովորաբար մի փոքր ուշ են լինում: Առհասարակ կրթական համակարգում սեպտեմբերի աշխատավարձերը մի փոքր ավելի ուշ են լինում՝ մինչև հաստատվում է ծանրաբեռնվածությունը, օրենքը թույլ է տալիս մինչև հոկտեմբերի 15-ը վճարել: 38.000 ուսուցիչների մի մասը՝ 7-8000-ը, տնօրեններ են, ուսմասվարներ են, որոնց ժամերը շատ քիչ են դպրոցում, օրինակ՝ 8 ժամ, այդ ժամաքանակի աշխատավարձն ինքնին պարզ է, որ կազմելու է մոտ 30.000 դրամ, դրա 10 տոկոսը չնչին թիվ է: Ուսուցիչներից մի 10-15 հազարն էլ կես դրույք են, իրենց  աշխատավարձն էլ է քիչ: Այսինքն՝ աշխատավարձերի բարձրացումն ազդելու է 10-15.000 ուսուցչի կյանքի որակի վրա: Պարզ է՝ սա մեծ թիվ չէ, բայց մյուս կողմից էլ՝ ավելի լավ է, քան առհասարակ չբարձրացնելը: Երկար տարիներ չի բարձրացել աշխատավարձը, շատ է հետ մնացել, խոշոր բարձրացումներ են պետք, որ ուսուցիչները գոհ մնան, բայց դե երևի այս պահին դրանից ավելի անհնար է: Եթե այս տենդենցը մի քանի տարի շարունակվի՝ միգուցե արդեն ուսուցիչները տարբերությունը զգան»:

Ուսուցիչները մտավախություն էին հայտնում, որ աշխատավարձերի բարձրացումը կլինի կրճատումների հաշվին: Սերոբ Խաչատրյանը, սակայն, գրեթե վստահ է, որ այդպիսի բան չի լինի:

«Դպրոցներում լինում է, երբ մի դրույքը բաժանվում է 2-3 ուսուցչի միջև, բայց ոչ ոք չի պարտադրում ուսուցչին, որ հանեն մյուսներին, որ մի հոգի մնա, այդպիսի պարտադրանք չկա»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի թվարկած 100 փաստում տեղ էր գտել նաև այն կետը, որ Կառավարությունն ավելի քան 834 մլն դրամ է հատկացրել «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպությանը՝ թվով 284 դպրոցներում ինժեներական լաբորատորիաների ստեղծման նպատակով: Սերոբ Խաչատրյանը սա լավ քայլ է համարում:

«Եթե նախարարությունը նման որոշում է կայացրել, ուրեմն գնահատել է այդ ծրագրի արդյունավետությունը: Եթե որոշել են ընդլայնել ծրագիրը, շատ լավ է, քանի որ ինֆորմատիկա, ՏՀՏ առարկաների ուսուցումը շատ վատ վիճակում է, գուցե այս խմբակը կարողանա երեխաներին մասնագիտության հարցում ուղղորդել»:

Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ ներառական կրթությանը ևս պետք է ուշադրություն դարձնել: Ըստ նրա՝ ներառական կրթության ոլորտում շատ ավելի լուրջ ներդրումներ են պետք, քան այսօր արվում են, բայց չի կարելի անտեսել նաև կրթության մնացած ոլորտները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել