Երեկ տեղի ունեցավ «Աստվածամոր տուն» հիմնադրամի պաշտոնական մեկնարկը՝ ՀԵՀԵՄ-ի կենտրոնական գրասենյակի շենքում՝ Սուրբ Աննա եկեղեցու հարևանությամբ, «Դեպի լույս» խորագրով ցուցահանդեսի շրջանակում: Այն ամփոփում էր հիմնադրամի կողմից կազմակերպված լուսանկարների ցուցահանդեսի մրցույթը: Հայտերի ընդունման մեկնարկը տրվել էր օգոստոսի 18-ին, իսկ ավարտը սեպտեմբերի 8-ին էր:

Հիմնադրամը ստացել էր 150 հայտ, որոնք ներկայացվել են պատվավոր ժյուրիին, որի կազմում էին՝ Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը, լուսանկարիչ Հրայր Բազե Ավետիքյանը, «ՊիքսԱրտ» ընկերության տնօրեն Միքայել Վարդանյանը, հաղորդավար, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը, ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը:

«Հիմնադրամը նոր է, և սա հիմնադրամի առաջին ծրագրերից մեկն է՝ «Աղոթք» թեմայով ֆոտոնախագիծ: Կարծում եմ՝ հաջողված էր՝ հաշվի առնելով մասնակիցների ակտիվությունը: Մենք ունեցանք հրաշալի լուսանկարներ, որոնք յուրաքանչյուր դիտողի ինչ-որ բան պետք է սովորեցնեն և հատկապես դեպի լույսը տանող ճանապարհը ցույց տան»,- նշեց Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Ժյուրիի կազմում էր նաև Նազենի Հովհաննիսյանը. «Երբ իմացա, որ կա «Աղոթք» խորագրով այսպիսի գեղեցիկ մրցույթ, և ես էլ՝ որպես ժյուրիի անդամ, իմ մասնակցությունն եմ ունենալու, սա էլ յուրօրինակ մի փորձություն էր ինձ համար: Մենք ընտրել եք մարդկանց աշխարհայացքի միջոցով աղոթքին համահունչ լուսանկարներ: Երբ տեսա առաջին տեղի հաղթողին, ինձ վրա ազդեց այնպես, ինչպես որ պետք է ազդի աղոթի մասին լուսանկարը»:

Երրորդ տեղ զբաղեցրած Զառա Ղազարյանը նշեց. «Հոգևոր թեմաները ստեղծագործողին թևեր են տալիս և հնարավորություններ: Ճիշտ է, կարելի է ասել, որ պատրաստի միջավայր է ստեղծագործողի համար, բայց պետք է ունենալ գեղեցիկը տեսնելու աչք»:

Երկրորդ տեղի հաղթող Նարեկ Առաքելյանը ծառայում է Մատաղիսում՝ որպես հոգևոր սպասավոր. «Լուսանկարի տատիկը իմ հոգևոր տատիկներից է: Երբ նրան հանդիպում եմ, խոսում ենք հոգևոր կյանքից, նրան պատմեցի նախագծի մասին և հենց աղոթքի պահին էլ նրան լուսանկարեցի»:

Առաջին տեղը զբաղեցրած լուսանկարն արվել է Գյումրիում։ Հեղինակը Կարպիս Կետիկյանն է. «Ես շատ եմ այցելել հայ առաքելական եկեղեցիներ և տարբեր խորագրերով մրցույթների եմ մասնակցել, բայց աղոթի թեման շատ պարտավորեցնող էր ինձ համար: Լուսանկարն արվել է Գյումրիում բարեգործական միջոցառման ժամանակ, երբ կառուցվում էր Գյումրու «Թումո» կրթական համալիրը: Ես հանդիպեցի մի երեխայի, և ինչպես հասկացա, նա որբ էր, նրան խաչ տվեցի, մոտեցավ խաչը ձեռքին և սկսեց աղոթել»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Շուշան Անտոնյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել