Իհարկե, չեմ սիրում բացատրություններ տալ այն մարդկանց, ովքեր գործին չեն տիրապետում, բայց, արժանապատվությունս մի կողմ դնելով, պատասխանում եմ իր պարտականությունները չկատարող, աշխատանքին չտիրապետող, ինֆորմացիաները խեղաթյուրող մեկին, ով թյուրիմացաբար զբաղեցնում է Լոռու մարզպետի պաշտոնը:

Երիտասարդ, քո նշած «Արտեկ»-ը մինչև 1995թ. գտնվել է Վանաձորի կահույքի ֆաբրիկայի բալանսում, որի գլխավոր տնօրենը ես եմ եղել։ Ամենաբարձր գներով ամբողջությամբ սեփականաշնորհվել է իմ կողմից։ Ինչո՞ւ բարձր գներով, որովհետև այն ժամանակվա իշխանությունները՝ ի դեմս ՀՀՇ-ի, այլ գնորդ ունեին։ Դա այն ժամանակահատվծն էր, երբ Ազգային ժողովի առաջին գումարման ընտրությունների ժամանակ հաղթեցի ՀՀՇ-ի կարկառուն ներկայացուցիչներին, որից հետո շատ արագ հայտնվեցին գնորդներ, և աճուրդի ժամանակ գինը բարձրացվեց։

Ի գիտություն բոլոր թերի ըմբռնողների, կրթական ցածր մակարդակ ունեցողների և Լոռու մարզպետի՝ սեփականաշնորհման գործարքը եղել է 1995թ.-ին, «Արտեկ»-ը՝ կահույքի ֆաբրիկայի հետ միասին, իսկ քո կողմից նշված գործարքը եղել է անվանափոխություն 2004թ.-ին, որի արդյունքում նշածդ գումարը վճարվել է անվանափոխության համար։

Նորից ցավով եմ նշում, որ, զբաղեցնելով նման պատասխանատու պաշտոն, չես կարողանում տարբերել նույնիսկ սեփականաշնորհումը անվանափոխությունից։

Ըմբռնումով եմ մոտենում նման պահվածքին․ 1995թ.-ին նա եղել է տակավին երեխա և չէր կարող հետևել իմ ներդրումներին և գործարքներին։

Ի գիտություն իր գործին չտիրապետող մարզպետի՝ ասեմ, որ երկրաշարժի տարիներին կարմիր գիծը գնում էր
«Արտեկ»-ի տարածքով, և բոլոր շենքերը IV կարգի վթարային էին և ենթակա էին քանդման, այդ պատճառով 2009թ.-ին Գերմանիայի և Ֆինլանդիայի անմիջական մասնակցությամբ պատվիրվել է ծրագիր՝ 20 մլն դոլար արժողությամբ, որը վերահաշվարկման արդյունքում այժմ կազմում է 30 մլն եվրոյին համարժեք ՀՀ դրամ: Ծրագիրն ընդգրկում է ամբողջ «Արտեկ»-ը առողջարանային գոտի կառուցելը և շուրջ 7 կմ «Մայմեխ» ճոպանուղի անցկացնելը։ Այս ծրագրիը այժմ գտնվում է կառավարությունում, և մարզպետին հորդորում եմ բանսարկությամբ զբաղվելու փոխարեն աջակցել ծրագրի իրականացմանը։ Նշեմ, որ 30 մլն եվրո արժողությամբ ծրագրի իրականացմանը լծվել են շատ լուրջ անձինք, և որևէ մեկիդ չի հաջողվի խանգարել ծրագրի իրագործմանը։
Հիշեցնեմ, որ դեռ երկու ամիս առաջ հանրապետության նախագահի հետ եղել ես «Վաբա» հակակարկտային ցանցերի գործարանում, որն իր մեջ ներառում է նաև «Արտեկ»-ը, մեծ ոգևորությամբ ներկայացնում էիր շուրջ 6 մլն դոլարի վարկային ներդրումը։

Մոտակա ժամանակահատվածում իմ կողմից դեռ շատ են լինելու լուրջ ներդրումներ, այլ ծրագրեր, նոր կառույցներ, որին դու չես մասնակցելու` անկախ քո կարգավիճակից, որովհետև բանսարկուները ներկա գտնվելու բարոյական իրավունք չունեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել