Հայաստանի տնտեսությունն անխուսափելիորեն շարժվում է վերաբաշխման ուղղությամբ, քանի որ չի բացառվում ժամանակին ազգային բարիքների մեծ մասին տեր դարձած անձանց հեռացումն իշխանությունից:
Առավոտ թերթն անցյալ շաբաթ, օրինակ, նյութ է հրապարակել, որտեղ պնդվում է, որ Սյունիքի մարզպետ եղած ժամանակ Սուրեն Խաչատրյանը սեփականաշնորհել է գրեթ ողջ մարզը: Դա զարմանալի չէ, մյուս մարզերում իրավիճակն ավելի բարվոք չէ, օրինակ, նույն Գյումրիում, որտեղ իշխանությունը եկրար տարիներ պատկանել է Վարդան Ղուկասյանին:
10 տարի առաջ, երբ Ղարաբաղի ղեկավարությունը որոշեց սկսել Շուշիի վերականգնումը եւ սկսեց ներդրողներ ներգրավել, հանկարծ պարզվեց, որ քաղաքը վաղուց արդեն սեփականաշնորհված է մի քանի անձանց կողմից: Նրանք չէին համաձայնվում սեփականաշնորհված օբյեկտները փոխանցել ներդրողներին՝ պահանջելով առասպելական գումարներ, ներդրողներն էլ բնականաբար չէին ցանկանում վճարել սեփականության կասկածելի իրավունքի դիմաց:
5 տարի առաջ նախագահը Շուշիի գլխավոր սեփականատերերից մեկին «համոզեց» պետությանը վերադարձնել հինգ հարկանի շենքը, որը վերանորոգվեց եւ բնակեցվեց սպաներով: Շուշիում անշարժ գույքի «ազգայնացման» այլ դեպքեր էլ են եղել, սակայն դա շատ քիչ էր ներդրումային բումի համար:
Այն ժամանակ Ղարաբաղում կոչ էին անում չեղյալ անել Շուշիում սեփականաշնորհումը եւ ամեն ինչ զրոյից սկսել, քանի որ սեփականաշնորհումն իրականացվել էր ոչ առանց պաշտոնեական լիազորությունների կիրառման: Սակայն ղեկավարությունը չցանկացավ նման քայլի գնալ՝ գերադասելով ճանաչել սեփականաշնորհման արդյունքները եւ բյուջեի փողերով գնել ակնհայտ խախտումներով ձեռք բերված անշարժ գույքը:
Հայաստանում վիճակն ավելի լավ չէ, որտեղ մարզերը հայտնվել են վայրի սեփականաշնորհման տարիներին ղեկավարածների ձեռքում: Այդ սեփականությունը հետագայում դարձավ իշխանությունում վերարտադրվելու գործիք, իսկ իշխանությունն օգնեց պահպանել այդ սեփականությունը:
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հրաժարականը չհանգեցրեց նրա սեփականության ազգայնացմանը: Սակայն այդ վերաբերմունքը կարող է փոխվել:
Սեփականության բաժանումը ծանր գործընթաց է եւ հնարավոր է միայն հեղափոխական փոփոխությունների դեպքում: Հայաստանում իշխանափոխություն չի սպասվում, սակայն ներքին պայքարը կարող է հանգեցնել իշխանության տնտեսական պլատֆորմի ցնցման: