168.am-ը գրում է.

Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է ծանր մնալ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց Մխիթարյանի ընտանիքի հետ մշտական կապի մեջ գտնվող պահեստազորի սպա Գևորգ Հովհաննիսյանը: Նա հայտնեց նաև, որ ընտանիքի անդամներին տեղեկություններ են հասել, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանն օգնում է միջադեպին մասնակցած մնացած անձանց:

«Արայի վիճակում փոփոխություն չկա: Ծնողների հետ քիչ առաջ եմ խոսել: Անհանգստություն կա, որ մյուս կողմը որոշակի կոծկող միջոցառումներ է ձեռնարկում, Վայոց ձորի նախկին մարզպետն աջակցում է միջադեպի մնացած մասնակիցներին, որոնք մեկից ավելի են՝ փաստաբաններ ձեռք բերելու, ծառայությունների վճարման համար»:

Գևորգ Հովհաննիսյանը, ով ղեկավարում է նաև «Իրավունքի սահման» փաստաբանական ընկերությունը, մեզ հետ զրույցում նշեց, որ հրապարակայնացվում է ինֆորմացիա, որը պետք է գաղտնի մնար:

«Հրապարակվում է տեղեկատվություն, որը պետք է գաղտնի մնար՝ ո՞վ են, ի՞նչ են, ե՞րբ է: Դա արվում է ամենաբարձր մակարդակներով: Հրապարակում են, թե քանի հոգի է եղել, ինչ է եղել, բա որ պարզվի՝ 3-ը չէին, 9-ն էին: Ալեն Սիմոնյանն իր էջում ստատուս է գրում, որ եկել է Արային տեսակցության, մինչդեռ իրեն ոչ ոք այստեղ չի տեսել»,- ասում է նա:

Հիշեցնենք՝ Վայոց ձորում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ՀՀ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծանր մարմնական վնասվածքներ է ստացել և այժմ գտնվում է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում,  կոմայի մեջ: Ըստ պաշտոնական վարկածի՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Եղեգնաձոր քաղաքի բնակիչ է, բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել:

Տուժածի ընկերներն ու հարազատները վստահեցնում են՝ նման բան հնարավոր չէ, սպան հաղթանդամ է և մեկ հարվածից չէր կարող այդպիսի վնասվածքներ ստանալ:

Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի՝ դեպքին մասնակցել են 3-4 անձ, այժմ կա մեկ ձերբակալված՝ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը, ում մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հիշեցնենք նաև, որ դեպքից մի քանի օր հետո Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց իր պաշտոնից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել