«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վաղը Հայաստանում տեղի է ունենալու Եվրասիական տնտեսական միության խորհրդի նիստ, որին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանելու նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Մինչ այս պահը դեռ հրապարակված չէ ո՛չ նիստի օրակարգը, ո՛չ սպասվող երկկողմ հանդիպումների ընթացքում քննարկվելիք հարցերի շրջանակը:
Այդուհանդերձ հաշվի առնելով, որ 2019 թվականի ավարտին մնացել է ընդամենը 3 ամիս, հավանաբար Հայաստանի վարչապետը Պուտինի հետ կքննարկի նաև Հայաստանին մատակարարվող գազի գինը:
Հիշեցնենք, որ չնայած ռուսական «Գազպրոմ»-ը 2019 թ.–ի հունվարի 1–ից սահմանի վրա բարձրացրեց գազի գինը, սակայն Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում 2019 թվականին ներքին սակագները կմնան անփոփոխ։
Ինչ վերաբերում է 2020 թվականին, այդ կապակցությամբ դեռևս որևէ հստակ տեղեկություն չկա: Օգտվելով այս անորոշ վիճակից՝ երեկվանից որոշ աղբյուրներ համացանցը հեղեղել են գազի գնի հնարավոր բարձրացման մասին տեղեկություններով:
Այս կապակցությամբ մենք զրուցեցինք տնտեսագետ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի հետ: Վերջինս ասաց, որ տեղյակ չէ՝ արդյո՞ք Պուտին-Փաշինյան հանդիպմանը քննարկվելու է գազի գնի հարցը: Տնտեսագետը նկատեց, որ տարածվող տեղեկություններն իր տպավորությամբ նպատակ ունեն ուժեղացնել կողմերից մեկի դիրքերը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: