45-ամյա Ռոբերտ Սփարքսը մահապատժի է ենթարկվել չորեքշաբթի՝ 2019-ի սեպտեմբերի 25-ին, իր կատարած հանցագործությունից 12 տարի անց:

2007-ին նա դանակի 18 հարված է հասցրել իր կնոջը՝ Չերե Ագանյեին, այն բանի համար, որ նա իբր փորձել է թունավորել իրեն: Այնուհետև տղամարդը դանակահարել է իր երկու խորթ որդիներին, բռնաբարել սպանված կնոջ երկու դուստրերին:

Ռոբերտի փաստաբանը երկար ժամանակ պայքարում էր նրա ճակատագրի համար: Հայտարարվում էր, որ տղամարդը մտավոր հետամնաց է, ինչի պատճառով նահանգի օրենքներով մահապատժի իրականացումն անհնար էր, սակայն, միջնորդությունը մերժվել էր: Բացի այդ՝ պաշտպանական կողմը դժգոհություն է ունեցել դատական կարգադրիչից, որն, ըստ մեղադրյալի, ազդել է երդվյալ ատենակալների վճռի վրա ներարկիչի պատկերով փողկապով՝ դրանով արտահայտելով մահապատժի իրականացմանն իր աջակցությունը:

Մահապատժի հետաձգման համար վերջին բողոքարկումը մերժվել է բառացիորեն դրա ի կատար ածումից մի քանի ժամ առաջ: Մահապատժին ներկա են եղել զոհերի ընտանիքի վեց անդամները, այդ թվում՝ նաև այն կանայք, որոնց Սփարքսը բռնաբարել էր: Մահվանից առաջ մարդասպանը որոշել է ներողություն խնդրել այն մարդկանցից, որոնց հետ նախկինում կապված է եղել ընտանեկան կապերով, հայտնում է Texas Tribune-ը:

«Պամելա, լսո՞ւմ ես ինձ: Ստեֆանի, Հարդի, Մարկուս… Ընտանիքին ասացեք, որ ես սիրում եմ նրանց: Կներեք դժվար ժամանակների համար: Ես ափսոսում եմ, որ ցավ եմ պատճառել բոլորիդ: Ես սիրում եմ ձեզ: Ես պատրաստ եմ»,- ասել է Սփարքսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել