ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով իր եղբոր գնած 48 տոննա էժան պետական դիզվառելիքին վերաբերող հարցին, որը կառավարության որոշամբ նախատեսված է «գյուղացիների աջակցության համար», հայտարարել է. «Ես դրա մեջ միտում չեմ տեսնում, և դիզվառելիքից բոլոր հողօգտագործողները օգտվել են, նույն իմ բարեկամները ևս, դրա մեջ որևէ խախտում, յուրացում չկա»:
«Այնպես չէ, ինչպես որոշ ծախու լրատվամիջոցներ գրում են, որ դա կառավարության որոշումով անապահով խավերին է..., նման որևէ որոշում չկա: Դա ուղղակի հողօգտագործողները օգտվում են, օգտվում են նաև իմ բարեկամները, ինչպես նաև մյուս բոլորի բարեկամները»,- իր «ոսկեղենիկ» հայերենով բացատրել է ԱԺ նախագահը:
Այսինքն` Հովիկ Աբրահամյանը համարում է, որ կառավարությունը սուբսիդավորել է դիզվառելիքը և գումարները պետյուջեից հատկացրել է, որ իր մեծահարուստ եղբայրը և նրա տղան օգտվեն դրանից: Սա ոչ այլ ինչ է, քան պետական միջոցների ոչ նպատակային օգտագործում և յուրացում: Ակնհայտ է, որ հողօգտագործողներին պետական աջակցության ծրագրում կառավարությունը նկատի չի ունեցել օլիգարխ գյուղատնտեսներին, ովքեր հեկտարներով հողեր ու ջրավազաններ ունեն:
Այլ հարց է, որ պետական պաշտոնյաները, այդ թվում` Հովիկ Աբրահամյանը, համարում են, որ պետության բարիքները առաջինը իրենց ու իրենց հարազատների համար են: Ցանկացած նորմալ երկրում նման բացահայտումից հետո պետական պաշտոնյան պատասխան կտար: Ուշագրավ է նաև, որ մեկ այլ մարզում` Վայոց ձորում, ընդամենը 15 մլն դրամի դիզվառելիքի յուրացման համար մարզպետարանի երկու պաշտոնյա է կալանավորվել, որոնց մի քանի տարվա ազատազրկում է սպառնում: Խոսակցություն կա, որ հնարավոր է գործով մեղադրվի նաև Վայոց ձորի նախկին ԲՀԿ-ական մարզպետը: Իսկ այս պարագայում հարազատների միջոցով փաստացի յուրացումն անտեսվում է:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը, ով տարածքի օլիգարխն է և չի թաքցնում դա, տղայի հետ հայրենի Մխչյան գյուղից պետական աջակցության ծրագրի շրջանակներում անցած աշնանը ձեռք է բերել 48 տոննա դիզվառելիք:
Կառավարության հատկացրած 1 լիտր դիզվառելիքն արժե 350 դրամ, շուկայական արժեքը մոտ 450 դրամ է: 100 դրամ տարբերությունը վճարվում է ՀՀ բյուջեից: Այսինքն` Հենրիկ և Հովհաննես Աբրահամյանները անցած աշնանը ձեռք են բերել մոտ 48 հազար լիտր դիզվառելիք, որի դիմաց պետությունը նրանց համար փոխհատուցել է մոտ 4 մլն 800 հազար դրամ: Ընդ որում, այդ գյուղից էժան դիզվառելիք է ստացել ընդամենը 15 մարդ:
«Մենք մի թիմ ենք, ու ես իմ ամփոփիչ ելույթում էլ ասել եմ, որ բոլորս ենք պատասխանատու թերացումների համար, և մենք չունենք որևէ մեկի հետ պայմանավորվածություն մեր թիմում, որ պետք է գա որևէ պաշտոն գրավի և զբաղվի այս թալանով կամ յուրացումներով»,- երեկ ԱԺ-ում հայտարարել է ԱԺ նախագահը` խոսելով մամուլի այն հրապարակումների մասին, որ իր ու վարչապետի միջև հակասություններ կան ՀՀԿ թևերում. «Նման թևեր գոյություն չունեն մեր կուսակցությունում, մեր թիմի մեջ: Ես ասել եմ բազմաթիվ առիթներով, ուղղակի մարդիկ կան, որ փնտրում են թևեր, ո՞ւմ թևերն են փնտրում, ո՞ւմ ականջներն են փնտրում, չկան նման բաներ»,- հայտարարել է Հովիկ Աբրահամյանը: