«Մենք տեսնում ենք առաջընթաց»-ը պետք է ավելի հաճախ հնչի, քան թե «կգա ժամանակը, և դուք կտեսնեք առաջընթաց»-ը, այ այդ ժամանակ ես կասեմ, որ ապրում են նորմալ երկրում, հոգնել ենք, զզվել ենք արդեն եթերային ծրագրերով, անիրականանալի խոստումներով ապրելով, ինձ հիմա է պետք, ոչ թե՝ կասկածելի հեռանկարում»: Այս ամենը ինձ ասաց իմ հարևանը Ռուսաստանի Դաշնություն արտագաղթելուց առաջ:
Հարգելի ընթերցող, մենք բոլորս հիրավի հոգնել ենք ապրել անիրականանալի ակնկալիքներով, որ մեզ խոսք են տալիս: Հոգնել ենք, քանզի հնարավոր չէ ակնկալիքների սպասումներով պատասխան տալ քո դուռը ծեծող բանկերի աշխատողներին կամ հարկադիրի կատարածուներին, քանզի ակնկալիքների սպասումով հնարավոր չէ վճարել կոմունալ վճարները և գնել օր օրի գնաճի ենթարկվող ապրանքներ: Այլևս ուղղակի հնարավորություն չկա սպասելու, թե երբ պետք է երկրի վիճակը լավանա. կատարվել է ամենաահավորը, մենք կորցրել ենք մեր հավատը դեպի լավը:
Ցավալի է, բայց փաստ. մենք նույնիսկ լավ լինելու նախադրյալներ չունենք... Հասունացել է ժամանակը շատ արագ լավ բաներ տեսնելու, ոչ թե սպասելու: 
Մենք շատ ենք սպասել և երևի արժանի ենք, որպեսզի դեռ մեկ օր առաջ արդեն ամեն ինչ գնար դեպի լավը: Հակառակ դեպքում արտագաղթի չափերը կսկսեն ավելանալ երկրաչափական պրոգրեսիայով: Հակառակ դեպքում սա կվերածվի շղթայական ռեակցիայի, և դրա դեմն առնելը կլինի գրեթե անհնար: Դեռ մինչև վերջերս անձամբ ես չէի հավատում արտագաղթի աճող չափերին, բայց երբ պատահականորեն հայտնվեցի Զաքյան փողոցի վրա (այդտեղից ավտոբուսներն են գնում դեպի ՌԴ), հասկացա` վիճակը ավելի քան լուրջ է: Ամեն մի պատեհ կամ անպատեհ մանրուք կարող է պատճառ հանդիսանալ, որպեսզի նորանոր մարդիկ հեռանան այս երկրից: Հեռու չգնանք, և թող ծիծաղելի չթվա, բայց նույն Իշխան Զաքարյանի ելույթը ԱԺ-ում պատՃառ դարձավ ևս մի քանի տասնյակ ընտանիքների արտագաղթելու համար:
Հ.Գ. Հարգելի իշխանություն, շատ արագ է պետք գործել: Հենց այդ «հիմա»-ի բացակայությունն է պատճառը, որ մարդիկ այլևս չեն հավատում ոչ մի բանի: Եթե դուք կոնկրետ անելիքներ ունեք, առանց վարանելու արեք, դրանով իսկ դուք կկանխեք բավականին մարդկանց արտագաղթելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել