Operativ.am-ը գրում է.

Լիբանանի իշխանությունները որոշում են կայացրել համազգային սուգ հայտարարել երկրում՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Լիբանանի ազգային տեղեկատվական գործակալությանը:

Գործակալության տեղեկություններով՝ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին որոշում է կայացրել, որի համաձայն՝ սգո օր կհայտարարվի սեպտեմբերի 30-ին՝ Ժակ Շիրակի հուղարկավորության օրը: Երկրում կչեղարկվեն ժամանցային հաղորդումները ռադիոյով եւ հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ կիջեցվեն պետական դրոշները:

Ավելի վաղ Հարիրին իր խորին ցավակցությունն է հայտնել՝ Ժակ Շիրակին «քաղաքական հսկա» եւ «Լիբանանի բարեկամ» անվանելով:

Ժակ Շիրակի փեսան՝ Ֆրեդերիկ Սալա-Բարուն նախօրեին հայտնել էր, որ նախկին նախագահը մահացել է առավոտյան իր հարազատների շրջապատում:

Ժակ Շիրակը հեռացել է քաղաքականությունից երկու ժամետով երկիրը ղեկավարելուց հետո՝ 1995-ից մինչեւ 2007 թվականը: Ֆրանսիական լրատվամիջոցները հիշեցնում են, որ 2005-ին քաղաքական գործչի մոտ սրտանոթային համակարգի հիվանդություն էր ախտորոշվել: 2016-ին նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր ավագ քրոջ մահից հետո: Վերջին 3 տարիներին նախկին նախագահը չի մասնակցել պաշտոնական արարողություններին, հազվադեպ է այցելուների ընդունել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել