Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին Անգոլայում կրկնել է 22 տարի առաջ մոր՝ արքայադուստր Դիանայի ականադաշտով կատարած արշավը և նույնիսկ կանգ է առել վերջինիս անունը կրող ծառի մոտ, գրում է Daily Mail-ը։

Արքայազնն իր այդ քայլով դատապարտել է Անգոլայում զինամթերքի մշտական սպառնալիքը, երկիր, որտեղ արքայադուստր Դիանան՝ Ուելսի արքայադուստրը, այցելել էր 1997 թվականին։

Ներկայում, ինչպես գրում է աղբյուրը, HALO Trust բարեգործական հիմնադրամի ականազերծման աշխատանքների շնորհիվ, Անգոլայի Ուամբո քաղաքի մոտ գտնվող ականապատ դաշտը նույնքան վտանգավոր չէ, որքան 22 տարի առաջ էր՝ այն ժամանակ, երբ արքայադուստրն էր պաշտպանիչ բաճկոն և դիմակ հագած քայլում։

Տեղական համայնքի առջև իր ելույթում Հարին ասել է. «Բավականին հուզիչ էր ինձ համար քայլել մորս անցած ճանապարհով և տեսնել այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել նախկինում վտանգավոր ու ամայի, իսկ այժմ՝ տեղական բիզնեսով ու քոլեջներով հարուստ կենդանի համայնքում»։

Հիշեցնենք, որ 35-ամյա արքայազնը և Սասեքսի 38-ամյա դքսուհի Մեգանն իրենց առաջին պաշտոնական ընտանեկան ուղևորությունն սկսել են օրեր առաջ՝ Հռոմում իրենց ընդհանուր ընկերոջ՝ դիզայներ Միշա Նոնուի հարսանիքին մասնակցելուց հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել