168.am-ը գրում է․

Իտալացի դպրոցականները երթեր ու հանրահավաքներ են անցկացնում հաջակցություն շվեդ ակտիվիստուհի Գրետա Թունբերգի «Ուրբաթը հանուն ապագայի» բնապահպանական նախաձեռնության. ակցիաներ ու դասադուլներ են տեղի ունենում երկրի 160 քաղաքում: Այդ մասին հայտնել են դրանց կազմակերպիչները։

Խոշորագույն միջոցառումներն անցկացվում են Հռոմում, Միլանում եւ Թուրինում: Այսպես, Իտալիայի մայրաքաղաքում դպրոցականները եւ ուսանողները հավաքվել են «Տերմինի» կենտրոնական կայարանից ոչ հեռու գտնվող Հանրապետության հրապարակում:

Կազմակերպիչների խոսքով՝ էկոլոգիական բողոքի են դուրս եկել շուրջ 200 հազար դպրոցականներ եւ ուսանողներ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, ակցիայի մասնակիցները տանում են պլակատներ եւ ցուցապաստառներ՝ պահանջելով բնապահպանական քաղաքականության շտապ փոփոխություններ:

Անգլերեն եւ իտալերեն լեզուներով մակագրությունները հայտարարում են՝ «Դուք փչացրել եք մեր կլիման», «Ապագայի իրավունք», «Ինչու է կլիման փոխվում, իսկ մենք՝ ոչ»: Ընդամենն ակցիաներին ամբողջ Իտալիայում մասնակցում է 1 միլիոնից ավելի մարդ, ասում են կազմակերպիչները: Իտալիայում համանման բողոքներ են անցկացվել մարտի 15-ին եւ մայիսի 24-ին: Ավելի վաղ Իտալիայի կրթության նոր նախարար Լորենցո Ֆիորամոնտին աշակերտներին թույլ է տվել բաց թողնել պարապմունքները նմանօրինակ «կլիմայական բողոքներին»մասնակցելու համար: Նրա խոսքով՝ երեխաների համար դա «ամենակարեւոր դասն է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել