Operativ.am-ը գրում է.

Ինքնավար մարտական մոդուլներն ապագայում, հնարավոր է, փոխարինեն իրական զինվորներին։

Հայաստանում տեղի ունեցած «Արարատ-հակաահաբեկչություն 2019» ԱՊՀ զորավարժությունների շրջանակում ներկայացվել են «Լոկատոր» ընկերության որոշ մշակումներ, այդ թվում ինքնավար մարտական մոդուլ՝ գնդացիր։
Ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ընկերության համահիմնադիր Արման Խաչատրյանը, 7.62 միլիմետր տրամագծով գնդացրի առաջին տարբերակը զրահապատ պլատֆորմի վրա ներկայացվել է 2014 թվականին։ «Լիովին ինքնավար մարտական մոդուլ է, որն ինքն է փնտրում թիրախները, գտնում եւ հեռահար փոխանցում օպերատորին։ Որոշումը կայացնում է օպերատորը»,- նշել է Արման Խաչատրյանը։

Երկրորդ տարբերակը ներկայացվել է ArmHiTec ցուցահանդեսում անցած տարի։ Դա նույնպես 7.62 միլիմետր տրամագծով գնդացիր է, որը բարձրանում է գետնի տակից։ «Նախատեսված է խրամատի կողքին տեղակայելու համար. բացվում է կափարիչը, բարձրանում է 40 սանտիմետր, կատարում ավտոմատ զինվորի դեր։ Այս տարբերակը հարմար է այն դեպքում, երբ թիրախն արդեն հայտնի է»,- նշել է Խաչատրյանը։

Երրորդ տարբերակը 12.7 միլիմետր տրամագծով ինքնաձիգն է, որը մշակման փուլում է։ «Մոդուլը բարձրանում է 70 սանտիմետր, չի վախենում ոչ ջրից, ոչ ցեխից։ Առավելագույն թեթեւ կոնստրուկցիա է, կարող են տեղափոխել 4 հոգով»,- նշել է Արման Խաչատրյանը։

Եվս մեկ մշակում է զենիթագնդացրային սարքի (ԶԳՍ) արդիականացումը, նախատեսված է ՀՕՊ ուժերի համար։ «Համատեղված է հայկական ՀՕՊ համակարգի հետ։ Բավական է էկրանին նշել թիրախը, եւ սարքն ինքն իրեն կգործի։ Լիովին ավտոմատ սարք է, կարող է սպասման ռեժիմում մնալ մոտ 3 ամիս, մինչեւ որ ստացվի աշխատելու հրաման։ Երկրորդ տարբերակը պիլոտային է։ Կա առանձին դիտակետ, որը ֆիքսում է թիրախները։ Մի դիտակետը կարելի է ղեկավարել տասը նման սարքերով»,- ասել է ընկերության համահիմնադիրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել