Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Աղվան Պետրոսյանի նախագահությամբ ընթանում է մի խումբ նորակերտցիների գործի դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի մի խումբ երիտասարդներ՝ Վարդան Գալստյանը, Եսայի Ղազարյանը, Գագիկ Առաքելյանը, Պողոս Մարգարյանը և Էդգար Մելքոնյանը Սևանի ափին հանգստանալու ժամանակ վիճաբանել են վարդենիսցիներ Արսեն Բուդոյանի և Անդրանիկ Խաչատրյանի հետ, հայհոյել են, քաշքշել ու հրմշտել նրանց:
Ափին հանգստացող հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելով՝ Վարդան Գալստյանը սուր կտրող-ծակող գործիքով դիտավորությամբ հարվածել է Վարդան Մանուկյանի կրծքավանդակին, Արսեն Բուդոյանի որովայնին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող վնաս: Անդրանիկ Խաչատրյանը, «վիճաբանությունից դրդված», գետնից քար է վերցրել ու հարվածել Վարդան Գալստյանի գլխին՝ նրա առողջությանը իր հերթին պատճառելով թեթև վնաս:
Ամբողջ խմբից կալանքի տակ է առավել ծանր հանցանքի համար մեղադրվող Վարդան Գալստյանը: Նրան մեղադրանք է առաջադրված ծանր մարմնական վնասվածք պատճառելու և խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Վարդանի ընկերները՝ Գագիկը, Պողոսը, Էդգարը, Եսային, մեղադրվում են խուլիգանության համար, իսկ Անդրանիկ Խաչատրյանը՝ թեթև մարմնական վնասվածք պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով: