Shantnews.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցը շարունակում է քննարկման թեժ առարկա մնալ: Հեռախոսազրույցը Թրամփի դեմ իմփիչմենթի հարցով հետաքննություն սկսելու առիթ է դարձել: Բարձրացած աղմուկից հետո Սպիտակ տունը հրապարակել է երկու ղեկավարների զրույցի սղագրությունը: Հենց այս սկանդալի ֆոնին էլ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում տեղի է ունեցել երկու ղեկավարների առաջին պաշտոնական հանդիպումը:

Սպիտակ տունը գաղտնազերծել է հեռախոսազրույցի սղագրությունը

ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների միջև աղմկահարույց հեռախոսազրույցը տեղի է ունեցել հուլիսի 25-ին: Սակայն այն լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ հատուկ ծառայությունների աշխատակիցը բողոք է ներկայացրել՝ մտահոգություն հայտնելով հեռախոսազրույցի բովանդակության կապակցությամբ: Հեռախոսազրույցն ուսումնասիրում էին նաև դեմոկրատները, որպեսզի պարզեն՝ արդյո՞ք Դոնալդ Թրամփը փորձել է Ուկրաինայի իշխանություններին ստիպել օգնել իրեն նախագահական ընտրարշավում:

Բանն այն է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու՝ Ուկրաինայում ծավալած գործունեությունը: Ջո Բայդենը մեծ շանսեր ունի՝ առաջիկա նախագահական ընտրություններում դառնալու դեմոկրատական կուսակցության թեկնածուն և Թրամփի հիմնական մրցակիցը:

Օրենսդիրների պահանջից հետո Սպիտակ տունը գաղտնազերծել է Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցի սղագրությունը: Այն հրապարակել է նաև CNN հեռուստաալիքը:

«Շատ խոսակցություններ են գնում Բայդենի որդու մասին, այն մասին, որ Բայդենը դադարեցրել է նրա դեմ հետաքննությունը, իսկ շատ մարդիկ ուզում են պարզել այդ ամենը: Եթե այս հարցում կարողանաք համագործակցել մեր գլխավոր դատախազի հետ, հրաշալի կլինի: Բայդենը ամենուր պարծենում էր, որ դադարեցրել է իր որդու դեմ հետաքննությունը: Եթե կարողանայիք ուսումնասիրել այդ հարցը…»,- նշել է Թրամփը զրույցի ժամանակ:

Զելենսկին էլ իր հերթին խոստացել է, որ շուտով Ուկրաինայում նոր գլխավոր դատախազ կնշանակվի, ով կուսումնասիրի այդ հարցը:

«Այդ գործի հետաքննությունն իսկապես արդարության վերականգնման հարց է, այնպես որ մենք հոգ կտանենք այդ մասին և կաշխատենք հետաքննության շուրջ», – ասել է Զելենսկին:

Սղագրության հրապարակումից հետո Թրամփի ընդդիմադիրները հայտարարել են, որ Թրամփի մտադրությունը միանգամայն պարզ է. Ուկրաինայի նախագահն ասել է, որ իր երկրին ռազմական օգնություն է հարկավոր, իսկ ԱՄՆ նախագահը նրան անմիջապես խնդրել է համագործակցել հետաքննության հարցում:

Արդյո՞ք ԱՄՆ նախագահը ճնշում է գործադրել Ուկրաինայի նախագահի վրա

Նյու Յորքում Թրամփը և Զելենսկին իրենց առաջին պաշտոնական հանդիպումից առաջ անդրադարձել են նաև այս հարցին:

«Ես չեմ ուզում ներքաշվել ԱՄՆ-ի դեմոկրատական, բաց ընտրություններում: Կարծում եմ՝ մենք շատ լավ հեռախոսազրույց ենք ունեցել: Այն նորմալ է ընթացել: Մենք տարբեր թեմաների շուրջ ենք խոսել: Կարծում եմ՝ դուք ինքներդ էլ կարդացել եք և տեսել, որ ոչ ոք ինձ վրա ճնշում չի գործադրել», – ասել է Զելենսկին Թրամփի հետ հանդիպումից առաջ:

«Դուք գիտեք, որ ոչ մի ճնշում չի եղել: Ձեզ հարկավոր է միայն տեսնել, թե ինչ է տեղի ունեցել հեռախոսազրույցի ընթացքում: Ես գնահատում եմ պատասխանը», – Զելենսկու խոսքը շարունակել է Թրամփը:

Ի դեպ, զրույցի ընթացքում ԱՄՆ նախագահը ցանկացել է հետաքննել Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի գործունեությունը «Բուրիսմա Հոլդինգսում», որը Ուկրաինայի խոշորագույն գազային ընկերություներից մեկն է: Հանթեր Բայդենն այդ ընկերության տնօրենների խորհրդի անդամ է եղել 2014-ից մինչև 2019-ի սկիզբը:

Զելենսկու հետ հեռախոսազրույցը առիթ է դարձել, որ Կոնգրեսը ԱՄՆ նախագահի դեմ իմփիչմենթի հարցով հետաքննություն սկսի:

Իսկ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր վերջին գրառումներից մեկում այս ամենն անվանել է «Ամերիկյան քաղաքականության պատմության մեջ ամենամեծ խարդախությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել