Ինչպիսի՞ն են այն մարդիկ, ում հաջողվում է գայթակղել, հրապուրել, գրավել շատերին: Ինչպե՞ս է պատահում, որ մենք տեղի ենք տալիս առանց դիմադրության՝ չհասկանալով, թե ինչպես: ժամանակակից աշխարհում ոչինչ չի տալիս ավելի մեծ ուժ, քան թովիչ, հմայիչ, հրապուրիչ լինելու կարողությունը: Կան մարդիկ, ովքեր ի ծնե տիրապետում են հմայելու արվեստին կամ ձևավորում են այն գիտակցական ջանքերով:

Ուրիշի հմայքին ենթարկվելը նման է սիրահարվածության, այն յուրատեսակ սիրահարվածություն է: Մենք կարծես դառնում ենք կախարդական հմայքների գերին, դառնում ենք հուզական, կորցնում ենք առողջ բանականությունը, հիմարություններ ենք անում:

Ի վերջո, ինչպիսի՞ն են նրանք, ովքեր գայթակղում են մեզ։

1․ Գայթակղիչները լավ հոգեբաններ են

 Նրանք գիտակցում են, որ մեր անձնատուր լինելու ժամանակ իրենք գլխապտույտ իշխանություն են ձեռք բերում մեզ վրա, այդ պատճառով նրանք փորփրում են մարդկանց հոգիները, ուսումնասիրում գայթակղելու և գայթակղվելու, սիրահարության մեխանիզմները:

2. Նրանք կարողանում են ստիպել մարդկանց սիրահարվել իրենց

Առաջնորդվելով բնազդով կամ կիրառելով իրենց փորձառությունը՝ նրանք կարողանում են մարդկանց մոտ գիտակցաբար և նպատակաուղղված արթնացնել սիրահարվածության զգացում: Բոլոր մեծ գայթակղիչները գիտեն՝ ավելի կարևոր է մարդու մոտ առաջ բերել սիրահարվածություն, քան կիրք: Սիրահարված մարդը զգայուն է, խոցելի, նրան հեշտ է խաբել, մոլորեցնել, շեղել ճիշտ ուղուց: Իսկ ցանկասիրության վիճակում գտնվող մարդուն դժվար է կառավարել, բացի այդ՝ բավարարում ստանալուց հետո նա առանց ափսոսանքի կլքի ձեզ: Գայթակղիչները գործում են անշտապ, նրանք կախարդում են, փաթաթում, խճճում իրենց զոհին սիրո կապանքներում՝ հասնելով նրան, որ ֆիզիկական մերձեցումը ավելի է ստրկացնում նրան:

Առաջ բերել սիրահարվածության զգացում, այնուհետև՝ նվաճել. մի մոդել, որը ընդհանուր է բոլոր տիպի գայթակղությունների համար՝ սեռական, քաղաքական, թե սոցիալական: Սիրահարվածն ուղղակի ստիպված է անձնատուր լինել: Անօգուտ է ըմբոստանալ այդ ուժի դեմ, ներշնչել ինքդ քեզ, որ դու դրա նկատմամբ ոչ մի հետաքրքրություն չունես, որ դա անբարոյական է կամ տգեղ: Որքան ուժեղ ենք փորձում դիմադրել հրապուրանքին, թովչանքի ուժին, այնքան ավելի մեծ չափով է այն մեզ հափշտակում:

Մեզնից յուրաքանչյուրին հաջողվել է գոնե մեկ անգամ զգալ իշխանության այն ուժը նրանց նկատմամբ, ովքեր սիրահարվում են մեզ: Սիրահարված մարդուն յուրաքանչյուր բան մեր մեջ (մեր արարքները, մեր շարժուձևը, մեր խոսքերը, ամեն ինչ) թվում է սքանչելի: Հնարավոր է, մենք ինքներս էլ չենք հասկանում, թե ինչպես է դա տեղի ունենում, սակայն իշխանության զգացումը ներթափանցում է մեր մեջ քաղցր թույնի պես: Այն մեզ ինքնավստահություն է հաղորդում, իսկ դա իր հերթին առավել թովիչ է դարձնում մեզ: Մարդկանց նկատմամբ այդպիսի իշխանություն ձեռք բերելու համար պարտադիր չէ արմատապես փոխել սեփական բնավորությունը կամ զբաղվել արտաքին տեսքի կատարելագործմամբ: Թովչանքը, գայթակղությունը խաղ է՝ կառուցված հոգեբանության, այլ ոչ գեղեցկության վրա, և գործնականում մեզնից յուրաքանչյուրը կարող է տիրապետել դրան լավագույն ձևով: Այն ամենը, ինչ պահանջվում է դրա համար, նայել կյանքին այլ աչքերով, գայթակղիչի աչքերով:

3. Գայթակղիչները շփվող, բաց մարդիկ են

Նրանց հայացքը դուրս է ուղղված, այլ ոչ ներս: Ինչ-որ մեկին հանդիպելիս նրանց առաջին մղումն է թափանցել այդ մարդու էության մեջ, մտնել նրա կաշվի մեջ, տեսնել աշխարհը նրա աչքերով: Ինքնամփոփությունը հաճախ անինքնավստահության նշան է, իսկ անինքնավստահությունը գայթակղիչ չէ:

4. Գայթակղիչները հաճույքի մատակարարներ են

 Մանկական տարիքում բոլոր մարդիկ ժամանակի մեծ մասն անցկացնում են խաղերի և զվարճանքների մեջ: Արդեն մեծահասակ տարիքում շատ մարդկանց մոտ հաճախ առաջանում է զգացողություն, որ նրանց վտարել են այդ դրախտից: Նրանք իրենց զգում են զուրկ ամեն տեսակի ուրախություններից ու հաճույքից, կքած հոգսերի բեռից: Գայթակղիչը գիտի, որ մարդկանց կյանքում չի հերիքում հաճույքը, ուրախությունը, և որ նույնիսկ ընկերների ու սիրեցյալների ուժերից հաճախ վեր է բավարարել մարդու այդ պահանջմունքը: Հենց այդ պատճառով էլ անհնար է դիմադրել այն մարդկանց, ովքեր մտնում են մեր կյանք՝ առաջարկելով արկածներ և ռոմանտիկա:

5. Գայթակղիչների համար կյանքը թատրոն է, բոլոր մարդիկ՝ դերակատարներ

Մարդկանց մեծամասնությանը թվում է, թե իրենց կյանքը սահմանափակված է նեղ շրջանակներում և ինչ-որ բան փոխելու անկարողության գիտակցումը մարդուն դժբախտ է դարձնում: Գայթակղիչները, ընդհակառակը, բազմադեմ են, նրանք կարող են խաղալ ցանկացած դեր և վերածվել ում ուզես: Հենց այդ ազատությունը, մարմնային և հոգևոր պլաստիկությունն էլ գրավում է մեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել