Pastinfo.am-ը գրում է.

2020 թվականի սկզբին գազի սակագնի բարձրացման համար առկա են թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական նախադրյալներ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքն արտահայտեց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի նախագահ Վահե Դավթյանը։

Վերջինս, խոսելով տնտեսական նախադրյալների մասին, ընդգծեց, որ վերջին շրջանում՝ հատկապես 2018 թվականից ի վեր, համաշխարհային էներգետիկ շուկայում ընթացող գործընթացները ցույց են տալիս, որ, մասնավորապես Ռուսաստանից արտահանվող բնական գազի գինը շարունակաբար աճում է. «Միայն 2018 թվականի ընթացքում Ռուսաստանից արտահանվող գազի գինը բարձրացել է մոտավորապես 25 տոկոսով՝ հասնելով 240 դոլարի։ Սրան ավելացնում ենք նաև Ռուսաստանում առկա լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրները, Ռուսաստանի կողմից նախաձեռնվող միջազգային նշանակության բազմամիլիարդանոց ներդրումային ծրագրերը և ստանում ենք մի բարդ փաթեթ, որի շրջանակներում Ռուսաստանը գնալով ավել մեծ դժվարությունների կհանդիպի՝ իր դաշնակից պետություններին զեղչային քաղաքականություն իրականացնելով»,-նշեց Վահե Դավթյանը։

Էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետը նկատեց, որ բնական գազն ավանդաբար կիրառվել է որպես աշխարհաքաղաքական գործիք, ուստի այս պարագայում ևս չի բացառվում, որ ռուսական կողմը գազի գնի բարձրացումը կկիրառի որպես աշխարհաքաղաքական գործիք. «Հաշվի առնելով այն անկայուն իրավիճակը, որն այսօր առկա է հայ-ռուսական հարաբերություններում, պետք չէ բացառել, որ ռուսական կողմը գազի գինը կկիրառի որպես աշխարհաքաղաքական գործիք։ Տնտեսական և քաղաքական բաղադրիչները համադրելով՝ կարող ենք ասել, որ գազի գնի բարձրացումն օրգանական բնույթ է կրելու»,-հավելեց Վահե Դավթյանը։

Նրա պնդմամբ սա ուղղակիորեն կանդրադառնա նաև ներքին սակագների վրա։ Փորձագետը հիշեցրեց «Գազպրոմ Արմենիա»-ի հայտարարություններն այն մասին, որ ընկերությունն այլևս ի վիճակի չէ զսպելու ներքին սակագինը։ Բացի այդ ընկերությունը գնում է այնպիսի ոչ պոպուլյար քայլերի, ինչպիսիք են աշխատակիցների կրճատումը կամ «Գազպրոմ Արմենիա»-ի ներդրումային ծրագրի արմատական վերանայման հարցը, ինչը փորձագետի կարծիքով նույնպես լուրջ անվտանգային ռիսկեր է պարունակում։

Թե որքանով քաղաքացին կզգա գազի գնի բարձրացումը, փորձագետն արձագանքեց. «Առանցքային հարցը հետևյալն է՝ կբարձրանա սահմանին գազի գինը, թե ոչ։ Կա տեղեկատվություն, որ այնուամենայնիվ առկա է գազի գինը բարձրացնելու մասին որոշում և ակնհայտ է, որ դա չի կարող չանդրադառնալ նաև ներքին գնագոյացման, սակագնային քաղաքականության վրա»,-նշեց փորձագետը՝ հավելելով, որ եթե 2019 թ.-ի հունվարի 1-ին արձանագրված 15 տոկոս բարձրացումը հնարավոր եղավ զսպել՝ շնորհիվ «Գազպրոմ Արմենիա»-ի ներքին օպտիմացման գործընթացների և ներքին ռեսուրսների, ապա այսօր իրավիճակն այլ է. ««Գազպրոմ Արմենիա»-ն հանդես է գալիս այն դիրքերից, որ չունի այլևս այդ զսպող մեխանիզմները, որոնք կիրառելով կկարողանար զսպել ներքին սակագինը։ Ըստ այդմ` երկրի ներսում թե՛ բնակչության, թե՛ տնտեսվարողների համար գազի գնի աճն անխուսափելի կլինի»,-ասաց Վահե Դավթյանը։

Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, որ Փաշինյան-Պուտին քննարկման առանցքային հարցը գազի գինն է լինելու, փորձագետն ամենևին այդ կարծիքին չէ։ Ըստ նրա, քանի որ Վլադիմիր Պուտինի այցը տեղի է ունենալու Եվրասիական տնտեսական միության առաջնորդների գագաթաժողովի շրջանակներում, ապա չի կարծում, որ այդ միջոցառման ընթացքում օրակարգ է բերվելու ԵՏՄ շրջանակներում ձևավորվող ընդհանուր էներգետիկ շուկաների հարցը և, ըստ այդմ, նաև ընդհանուր գազի շուկայի հարցը։

«Ակնհայտ է՝ վերջին շրջանում Եվրասիական տնտեսական միությունում որոշակի տրանսֆորմացիաներ են տեղի ունեցել այս հարցի շուրջ, և մենք հետևում ենք մի իրավիճակի, որում այլևս Եվրասիական տնտեսական միության օրակարգում բացակայում է միասնական սակագնի և գնի գոյացման միասնական մեթոդաբանության ձևավորման հարցը։ Թերևս, սա է պատճառը, որ ԵՏՄ անդամ պետությունները հանդես են գալիս ոչ թե միասնական շուկաների ձևավորման դիրքերից, այլ ընդհանուր շուկաների ձևավորման դիրքերից, ինչը լիովին այլ տրամաբանություն և փիլիսոփայություն է»,-հավելեց Վահե Դավթյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել