Մեծ Բրիտանիայի բնակչուհու լեզուն վերականգնել են նրա ձեռքի հյուսվածքներից, հայտնում է Daily Mail-ը:

Ութ տարի շարունակ Ռաշկլիֆ շրջանում բնակվող Ռեբեկա Պատերսոնը լեզվի վրա ոչ մեծ խոց ուներ, իսկ բերանի խոռոչում սպիտակ բիծ կար: Բրիտանուհու մոտ օրալ կանդիդոզ են ախտորոշել, ինչը վտանգավոր չէ հիվանդի համար: Սակայն ժամանակի ընթացքում կնոջ լեզուն սկսել է այնքան ուժեղ ցավել, որ նա չի կարողացել ուտել և քնել:

2018-ի ապրիլին Պատերսոնը բիոպսիայի է ենթարկվել: Վերլուծությունները ցույց են տվել, որ նա քաղցկեղ ունի: Կինը խոստովանել է, որ շատ ծանր է տարել այդ լուրը. նրան երիտասարդ տղամարդ է առաջարկ արել և բրիտանուհին մտավախություն ուներ, որ ընդմիշտ կկորցնի խոսելու ունակությունը:

Սակայն բժիշկները գտել են խնդրի լուծումը: Պատերսոնը 11-ժամյա վիրահատության է ենթարկվել, որի ընթացքում հեռացրել են ուռուցքից տուժած լեզվի աջ կողմը և այն փոխարինել կնոջ ձախ թևից վերցված մաշկով և երակներով: Որպեսզի նոր լեզուն տեղավորվի կնոջ բերանում, նրա պարանոցի աջ կողմում գտնվող ավշային հանգույցները և երկու ատամները հեռացրել են:

Վիրահատությունից հետո Պատերսոնը չի կարողացել խոսել մեկ շաբաթ և դժվարությամբ է շարժել պարանոցն ու ձեռքերը: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա ստիպված էր կրկին սովորել կուլ տալ և ուտել: Երկար ժամանակ նա սնվել է միայն մանրացված մթերքներով:

Վիրահատությունից հինգ ամիս անց կինը վերադարձել է աշխատանքի՝ դպրոց. նա զբաղվում է հաշմանդամություն ունեցող աշակերտների աջակցությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել