Արտասվելու չափ տխուր է օրը,
Լուռ մղձավանջ էր գիշերս անքուն.
Արևալույսի բեկբեկուն կորը՝
Գիշերավարդ է սրտիս մեջ փնտրում:...
Որ պիտի լցվեր լիալուսնի հետ,
Հեռացոլ աստղի փայլով զարդարված.
Ու գիշերավարդ դառնար սիրավետ,
Ու բացվեր հոգուս շողերին փարված:
Սերդ հրդե՞հ էր, թե՞ մարող կրակ,
Սիրելով, սե՛ր իմ, սերդ մարեցիր.
Ա՜խ, հոգեմորմոք իմ գիշերավարդ,
Իմ սիրամոլոր, այս ի՞նչ արեցիր...
Քմահաճորեն օրս տառապանք,
Սիրո մղձավանջ դարձրիր գիշերս.
Կարծես ինչ-որ տեղ երկուսով էլ կանք...
Երազ են թվում քաղցր հուշերը:
Ասում ես. «Ոչի՛նչ, ոչի՛նչ չի փոխվել,
Որ մնացել ես նախկինն ու նույնը...»
Կապվածության է լոկ վերափոխվել
Անհուն սիրելու քո էությունը...
Հեռացոլ աստղի փայլով ցողազարդ,
Արտասվելու չափ տխուր է օրը.
Դու ո՞նց մոռացար իմ գիշերավարդ –
Արևալույսի բեկբեկուն կորը...
Կարեն Առաքելյան
Նյութի աղբյուր՝ http://anushanahit.livejournal.com/670061.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել