Կա՞ ողջամիտ բացատրություն՝ ինչու է քաղաքապետարանը նոր աղբամաններ տեղադրում և կողաշրջում «Սանիթեքի» աղբամանները, որոնք, ի դեպ, լցված են «դարավոր» աղբով: Աղբը «սեփականի» ու «օտարի» բաժանելով և միայն «սեփական» աղբամանների պարունակությունը հավաքելով ի՞նչ խնդիր է լուծում Երևանի քաղաքապետարանը:
Երևանն իսկապես անտեր է, քանի որ միայն անտեր քաղաքում է քաղաքացին դառնում իշխանությունների և մասնավոր ինչ-որ ընկերության հակամարտության զոհը: Միայն անտեր քաղաքում է հնարավոր ամեն քայլափոխի տեսնել էս հակաէսթետիկ ու փնթի տեսարանը: Եվ սա այն դեպքում, երբ տասնյակ միլիոններով ավելացրել են աղբահանության բյուջեն, բայց, դրանով հանդերձ, մայթերով քայլելն արդեն անհնար է, որովհետև մայթը զավթած աղբակույտերին միացել են աղբամանային «բարիկադները»:
Միայն անտեր մնացած քաղաքում է հնարավոր միլիոններ ծախսել ու նոր աղբատար մեքենաներ գնել ու դրա շահագործումից հետո միայն հասկանալ, որ էդ մեքնենաներն իրենց չափսերով այնպիսին են, որ չեն կարող անցնել երևանյան շատ «դալանների» տակով, որ մտնեն, բակերում կուտակված աղբը տանեն:
Հայկ Մարությանն ու իր անգործունակների թիմից ոմանք օրենքի առաջ շատ հարցերի պատասխան պիտի տան: Մասնավորապես, մեկ անձից գնումների ժամանակ ստացած ատկատերի վերաբերյալ, որոնց մասին օդում կախված լուրերը գնալով ահագնանում են: Եվ, իհարկե, պիտի պատասխան տան քաղաքը աղբանոցի վերածելու համար:
Հ.Գ. Էս լուսանկարները Երևանի ամենաբանուկ փողոցներում են արված, կես ժամ քայլելու արդյունքում:
Հ.Գ.1. Հայկ Մարությանի ենթականերին, հատկապես նրանց «հարվածային» հատվածին բարեկամաբար հորդորում եմ մեջ չընկնել (սա ձեր կռիվը չէ) ու փոխարենը սկսել բերանացի անել գործուն զղջման ապագա հնարավոր տեքստերը` «Դե ես ի՞նչ անեի, քաղաքապետն ինձ կանչում, անձամբ էր ստիպում պատասխանել» կամ «Ես բոլորից լավ էի տեսնում, որ քաղաքապետը անգործունակ էր» ժանրի մեջ: Մարդ ես, մեկ էլ տեսար՝ էդ հնարքը էս կյանքում մի անգամ էլ անցնի, եթե, իհարկե, «հարվածայինը» եգիպտական փարավոնների ու իր ենթակաների մոդելի մազոխիստ հետևորդ չէ: