Թատրո՞ն, թե՞ գիշերային ակումբ, այս է խնդիրը:
Թատրոնը կրոնի պես մի բան է: Վիլյամ Սարոյան
Իսկապես, թատրոնը ինչպես կրոնը ունի ազգապահպան նշանակություն, ոչինչ չի կարող այդքան հանգամանալից ընդգծել, նկարագրել պատմական որևէ ժամանակահատված, որքան թատրոնում բեմադրված ներկայացումները: Երկար տարիներ այն եղել է հոգևոր սննդի աղբյուր մտավորականների և երիտասարդների համար:
Թատերական կյանքը Երևանում աստիճանաբար է զարգացել։ Թատերախմբերը ելույթներ էին ունենում հրապարակներում, ակումբներում ու սրահներում։ Իսկ 1922թ. ցնծության տարի էր թատրոնասեր հասարակության համար, որովհետև հիմնադրվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը ՝ Լևոն Քալանթարի քրտնաջան աշխատանքի շնորհիվ:
Յուրաքանչյուր ինտելեկտուալ և զարգացած մարդ իր պարտքն էր համարում այցելել թատրոն և դիտել այնտեղ բեմադրված առաջին ներկայացումը՝ «Պեպոն»: Այնուհետև հիմնադրվեց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը, ապա՝ Երևանի քաղաքապետարանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը:
Չնայած այս ամենին՝ հայ երիտասարդների ամենևին չի թատրոնը: Խոսքերս ավելի ճշգրիտ դարձնելու համար պատմեմ մի փոքրիկ դեպք, որին ականատես եղա վերջերս: Մի խումբ երիտասարդներ բողոքում էին էին՝ ասելով, որ չեն ցանկանում թատրոններ հաճախել, բայց գնում են դպրոցի ուսուցիչների հարկադրանքով: Մի քանի երեխաներ էլ պնդում էին ասելով. «Բերում, դպրոցում են բաժանում տոմսերը, որովհետև ուրիշ փող աշխատելու միջոց չունեն, գալիս կպնում են ջաններիցս՝ չհասկանալով, որ թատրոնը մեզ չի հետաքրքրում»: Ահա այսպիսի ողբերգական վիճակում է գտնվում հայ երիտասարդությունը: Միայն բավարարվում են ակումբներ հաճախելով կամ էլ ողջ օրը անցկացնում են համակարգչի աթոռին գամված: Ցավալի է, բայց՝ փաստ: Դժվար է հասկանալ, թե ինչն է այս ամենի պատճառը: Արդյո՞ք մեղավոր են երիտասարդները, որոնց ոչ մի կերպ չի հրապուրում և չի գրավում թատրոնը, թե՞ հենց իրենք՝ թատրոնները, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում առաջացնել հետաքրքրություն և համակրանք: Նմանատիկ օրինակները շատ են մեր հասարակության մեջ, և անգամ շատ ցանկանալու դեպքում չեմ կարող ամբողջը թղթին հանձնել: Սա մի հրատապ խնդիր է, որը անպատճառ պետք է մտահոգի հայ մտավորականներին:
Հոդվածս ուզում եմ վերջացնել շեքսպիրայն հայտնի խոսքերով. «Կյանքը թատրոն է, մարդիկ` դերասան» և ուզում եմ հորդորել՝ հաճախեք թատրոն, այն ձեզ կօգնի գեղեցիկ խաղալ և չսխալվել ԿՅԱՆՔԻ ԲԵՄՈՒՄ:



