«Եթե կրկնվի Սպիտակի երկրաշարժի ուժգնության ցնցում, մայրաքաղաքի շենքերի 80 տոկոսը կփլվի: Կզոհվի առնվազն 300.000 մարդ»: Սա ոչ թե զգացմունքային ենթադրություն է, այլ մասնագիտական եզրակացություն` հիմնված կոնկրետ հաշվարկների վրա: Այդ եզրակացության հեղինակներից մեկը Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանն է:
– Մայրաքաղաքում վաճառում և գնում են բնակարաններ, և, որպես կանոն, բնակարանի գինը որոշում է շենքի տեղանքը, բնակմակերեսը, Արարատին նայող պատուհանըգ Շենքի սեյսմակայունությունն առաջնահերթությունների ցանկում չէ:
- Սպիտակի երկրաշարժից հետո դասեր քաղեցինք միայն մասնագետներս. կարճ ժամանակում ստեղծեցինք մեր ազգային սեյսմիկ նորմերը: Մինչ այդ` Հայաստանում գործում էին ԽՍՀՄ-ում ընդունված նորմերը: Մեր մշակած նորմերը բավականին խիստ են: Այն շենքերը, որոնք կառուցվում են այսօր, եթե կառուցվել են ազգային նոր սեյսմիկ նորմերին համապատասխան, կարող եմ վստահ ասել` այդ շենքերը սեյսմակայուն են: Սակայն կա մի հարց. գաղտնիք չէ, որ մեր երկրում կոռուպցիան ծաղկում է: Կոռուպցիան հնարավորություն չի տալիս վստահ ասել` կառուցված շենքերն իրո՞ք սեյսմակայուն են, թե՞ ոչ:
- Բայց կան նախագծային բազմաթիվ ընկերություններ, փորձագիտական կազմակերպություններ, որոնք զբաղվում են հենց շինարարությամբ: Այսինքն` կասկածի տա՞կ եք առնում նրանց աշխատանքի որակը:
- Այո՛: Այսօր մեր երկրում ստեղծվել են նախագծային բազմաթիվ կազմակերպություններ` բացի այն խոշոր կազմակերպություններից, որոնք գոյություն ունեին ԽՍՀՄ-ի ժամանակ: Հիմա մեր լիցենզավորման համակարգն այնպիսին է, որ շատ-շատերը կարող են հեշտությամբ արտոնագիր ստանալ: Սակայն հարց է` ունե՞նք բարձր որակավորում ունեցող այդքան մասնագետ` ունենալու համար այսքան նախագծային և փորձագիտական կազմակերպություններ: Ո՛չ, չունենք բարձրակարգ այնպիսի մասնագետներ, ովքեր կարողանան ճիշտ նախագծում կատարել, և նաև լուրջ խնդիր է` ի՞նչ որակի փորձագիտական քննություն են անցնելու այդ նախագծերը:
- Մենք ունենք մասնագիտական բուհ, մասնագիտական ֆակուլտետներ այլ բուհերում, որոնք ամեն տարի հարյուրավոր մասնագետներ են պատրաստում:
- Մեր Ճարտարապետաշինարարական համալսարանը չունի «սեյսմակայուն շինարարություն» մասնագիտությունը: Ես ավարտել եմ շինարարական ֆակուլտետը, բայց ինքս մասնագիտացել եմ այս բնագավառում: Ստացվում է, որ պատրաստի մասնագետ մենք չենք տալիս:
- Մարդիկ հսկայական գումարներ են վճարում նորակառույց շենքերում բնակարաններ ունենալու համար, և ոչ մի երաշխի՞ք` իրականում ինչ ամրության շենքում են բնակարան գնում:
- Մեր միակ մխիթարանքն այն է, որ գոյություն ունեցող սեյսմիկ մեր նորմերը բավականին խիստ են: Եթե ԽՍՀՄ-ի ժամանակ այդ նորմերը խախտվում էին թե՛ նախագծման և թե՛ շինարարության ժամանակ (հիմա էլ կարող են թույլ տրվել այդ նույն խախտումները), բայց գոնե այդ խախտումներն, իմ կարծիքով, չեն բերի այն աղետալի վիճակին, ինչ ունեցանք 88-ին, քանի որ, կրկնեմ, պահանջները բավականին խիստ են: Իմ մի ձեռքի հինգ մատը բավարար է, որ թվարկեմ մեր երկրում գրագետ աշխատող շինարարական կազմակերպություններին: Դրանից ավելի չկա: Մյուսները պատահական մարդիկ են, ոչ մասնագետներ, որոնք անկախության տարիներին, զգալով, որ շինարարական բիզնեսը շահութաբեր է դառնում, վերապրոֆիլավորվեցին: Սակայն նրանք պրոֆեսիոնալ շինարարներ չեն. հավաքում են աշխատուժ` որտեղից ասես` գյուղերից, գործազուրկ մարդկանց, այդ աշխատուժն անգրագետ է և կատարում է անգրագետ աշխատանք: Վերահսկողությունը ծայրահեղ թույլ է մեր երկրում հենց նույն կոռուպցիայի պատճառով:
- Խոսեցիք նորակառույց, «էլիտար» շենքերի սեյսմիկ անվտանգությունից: Իսկ մայրաքաղաքի բնակիչների մեծ մասն ապրում է, այսպես կոչված, ստալինյան, խրուշչովյան նախագծերով շենքերում:
- Դրանց վիճակն ուղղակի աղետալի է: Այո, ունենք շենքեր` կառուցված 30-ական, 50-ականներին, ավելի ուշ: Այն տարիներին սեյսմիկ նորմեր գործնականում գոյություն չունեին: Ավելի ուշ սկսեցին գործել ԽՍՀՄ նորմերը. դա մեկ փաստաթուղթ էր, որը գործում էր ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների համար` առանց հաշվի առնելու այս կամ այն երկրի առանձնահատկությունները: Հայաստանում կառուցվում էին 7-բալանոց շենքեր. Հայաստանի սեյսմիկ վտանգն այդ նորմերում թերագնահատված էր: Խնդիրն այն է, որ եթե 7-բալանոց շենքի փոխարեն` կառուցում եք 8-բալանոց, կամ 8-ի փոխարեն` 9-բալանոց, շենքերի ինքնարժեքը բարձրանում է, շինարարությունը թանկանում է: Հիմա, ըստ ազգային մեր նորմերի, սեյսմիկ վտանգը գնահատվում է 9 բալ: Հետևաբար, գնահատեք Ձեր նշած շենքերի ամրությունը` 7-բալանոց շենքեր, գումարած` շինարարության ցածր որակ: Ժամանակին, հանգուցյալ պրոֆեսոր Բալասանյանի հետ արել ենք աշխատանքներ` գնահատելով Հայաստանի տարածքի և հատկապես` Երևանի սեյսմիկ ռիսկը: Մեր արդյունքներով` եթե, Աստված մի արասցե, կրկնվի Սպիտակի երկրաշարժի ուժգնության ցնցում, շենքերի 80 տոկոսը կփլուզվի կամ կստանա անդառնալի վնասվածքներ: Կզոհվի մոտ 300.000 մարդ: Աղետի ամբողջական չափն արդեն կարող են գնահատել բոլորը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ